ԱՄՆ-ը կպատասխանի, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգվածային ոչնչացման զենք կիրառի Ուկրաինայում, սակայն պատասխանը կախված կլինի իրավիճակից։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը կամ ՆԱՏՕ-ն ռազմական գործողություններով կպատասխանեն, եթե Ռուսաստանը քիմիական զենք օգտագործի։
«Մենք կպատասխանենք, եթե նա (Պուտինը – խմբ.) օգտագործի դա։ Պատասխանի բնույթը կախված կլինի կիրառման բնույթից»,- ասել է Բայդենը։
Այսօր ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ դաշինքը կամրապնդի իր քիմիական, կենսաբանական եւ միջուկային պաշտպանության համակարգերը այն մտավախությունների պատճառով, որ Ռուսաստանը նախատեսում է նման զենք օգտագործել Ուկրաինայում:
«Պուտինը հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն կպառակտվի։ Դեկտեմբերին եւ հունվարի սկզբին նրա հետ զրույցների ընթացքում ինձ համար պարզ էր, որ նա չի կարծում, թե մենք կարող ենք պահպանել այս համախմբվածությունը»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Բայդենը։ «ՆԱՏՕ-ն երբեք այնքան միասնական չի եղել, որքան այսօր։ Պուտինը ստանում է ճիշտ հակառակը, ինչ մտադիր էր ստանալ... Միացյալ Նահանգները իմ նախագահ դառնալուց հետո պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ավելի քան 2 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա: Հակաօդային պաշտպանության համակարգերը, հակատանկային համակարգերը, զինամթերքը եւ մեր զենքերը ուղարկվում են Ուկրաինա մինչ ես խոսում եմ: Եվ այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ավելի քան 1 մլրդ դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել, որպեսզի օգնի միլիոնավոր ուկրաինացիներին, որոնք տուժել են Ուկրաինայի պատերազմից»,- ասել է Բայդենը։
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել 100 000 ուկրաինացի փախստականների։





























