ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը չի հաստատել Գյումրու քաղաքապետարանում համայնքային ծառայողների պաշտոնների անվանացանկը և առարկություններ է ներկայացրել նախատեսվող կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ, տեղեկացնում է Aravot.am–ը՝ հղում անելով Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Բադալյանին։

Ըստ կայքի՝ մինչդեռ որոշ պաշտոններ արդեն իսկ բաժանվել էին․ նույնիսկ ավագանու տարեվերջյան նիստի ժամանակ, երբ խոսք եղավ գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի բաժինը կառուցվածքային փոփոխության ենթարկելու մասին, գովազդը առևտրի և սպասարկման ոլորտի բաժնից տարանջատելու մասին, ավագանու ընդդիմադիր անդամներից մեկի կողմից քննադատություն հնչեց, թե որոշ քաղաքական ուժերի  պաշտոններ տալու համար բաժին եք առանձնացնո՞ւմ։

Նախնական համաձայնությամբ, գովազդի բաժնի պետի պաշտոնը մնալու էր Սամվել Բալասանյանի թիմակիցներից Հարություն Թադևոսյանին, իսկ առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետի պաշտոնն անցնելու էր ՔՊ-ին․ այս կուսակցության կողմից առաջադրվել էր Վահան Ձվակերյանը, որը երկար տարիներ աշխատել է առևտրի ոլորտում, վերջին տարիներին էլ աշխատում էր ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում։ Նրան  գովազդի,  առևտրի ու սպասարկման ոլորտի  բաժնի պետի  տեղակալ էին նշանակել՝ հետագայում պետ դարձնելու նպատակով, սակայն այս պահին մնաց որպես պետի տեղակալ։

Կառուցվածքային փոփոխությունների շուրջ առարկություններ ներկայացրել  է նաև  Շիրակի մարզպետարանը։ Այս կառույցը իր կարծիքն է  ուղարկել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Բանն այն է, որ  Գյումրու համայնքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժինն անվանափոխելով տուրիզմի և արարողակարգի բաժին՝ անվանման մեջ չեն ներառել  գործառույթներից մեկը։ Այս բաժնի գործառույթներից մեկը համայնքի զարգացման ծրագրերով զբաղվելն է, սակայն սա չի արտացոլվել  բաժնի անվան մեջ։ Եվ սա այն դեպքում, երբ հաստիքներ են առանձնացվել , որոնք պիտի զբաղվեին  զարգացման ծրագրերով։

Սամվել Բալասանյանի օրոք քաղաքապետարանն ունեցել է աուդիտի բաժին, որը սակայն դարձյալ վերահսկողություն չի իրականացրել, այլ ուսումնասիրել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այն կառույցների  ընթացիկ գործունեությունը, որոնց ցանկը հաստատվել է քաղաքապետի կողմից։ Վերահսկողության բաժնի ու տեղակալի պաշտոնը ևս, ըստ կայքի հավաստի տեղեկությունների, խոստացված էր ՔՊ-ին։ Նախարարությունը քաղաքապետարանի ներկայացրած փաստաթուղթն ուղարկել է  վերանայման։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։