Կոտայքի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մարզին հատկացվել է 1 մլրդ 318 մլն դրամ, որով մարզում իրականացվում են շենքերի տանիքների, խմելու ջրի, ոռոգման համակարգերի, ճանապարհների, կրթական եւ նախակրթական հաստատությունների վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ: 

Այս մասին նշվել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի Կոտայքի մարզ այցելության ժամանակ:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետն այցելել է Զովունի, Նոր Գեղի, Քաղսի  համայնքներ, ծանոթացել համայնքների մանկապարտեզների վերանորոգման աշխատանքներին:

Այնուհետեւ  Ա.Գեւորգյանը ծանոթացել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրով Եղվարդի երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքներին: Նախատեսված 7 942 մետր ջրանցքից ներկայումս կառուցված է 2 250 մետրը:

Ծրագրի ավարտին ոռոգելի կդառնա համայնքի 514 հեկտար հողատարածք` ներկայիս 215-ի փոխարեն: Տեղեկացվեց, որ ջրանցքի վերականգնման աշխատանքները հնարավոր կլինի ավարտել սահմանված ժամկետում` մինչեւ օգոստոսի 31-ը:

Ծրագրով վերակառուցվում է  քաղաքի խմելու ջրամատակարարման ցանցը: Ըստ հաշվարկների` աշխատանքների արդյունքում մինչեւ 2011 թ. ավարտը Հրազդանում կապահովվի միջինը 17-18 ժամյա  ջրամատակարարում` ներկայիս 11 ժամի դիմաց, իսկ լրացուցիչ աշխատանքների իրականացումից հետո` մինչեւ 2012 թ. ավարտը, միջինը 20-21 ժամյա ջրամատակարարում:

Հրազդանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրն իրականացվում է ՀԲ-ի վարկային 5 մլն 611 հազար դոլար միջոցներով եւ նախատեսվում է ավարտել  այս տարվա հոկտեմբերին: Ասիական բանկի 550 մլն դրամ վարկային միջոցներով վերազինվում է քաղաքը խմելու ջուր սնուցող պոմպակայանը, որի աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ  դեկտեմբեր: