Եվրամիության մի շարք անդամ երկրների ղեկավարներ հայտարարել են, որ նավթ ու գազ գնելիս ռուբլով վճարելու Ռուսաստանի պահանջը կարող է հանգեցնել մատակարարման պայմանագրերի խախտման, հայտնում է Reuters-ը։

Գերմանիան եւ Իտալիան հայտարարել են, որ այդ քայլը կարող է խախտել մատակարարման պայմանագրերը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ արժույթը, որով գերմանական ընկերությունները պետք է վճարեն ռուսական հանածո վառելիքի համար, ամրագրված է իրենց պայմանագրերում: «Ամենուր ֆիքսված պայմանագրեր կան, եւ արժույթը, որով պետք է վճարվեն մատակարարումները, այս պայմանագրերի մի մասն է… մեծ մասամբ դա եվրո է կամ դոլար»,- ասել է Շոլցը:

Այդ մասին հայտարարել է նաեւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին։ «Հիմնականում դա պայմանագրի խախտում է, դա կարեւոր է հասկանալ»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը համաձայնել է եւ այդ քայլն անվանել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները շրջանցելու փորձ։ «Մենք թույլ չենք տա շրջանցել մեր պատժամիջոցները։ Ժամանակը, երբ մեզ կարող էին էներգետիկայով շանտաժի ենթարկել, անցել է»,- ասել է նա։

Վերլուծաբաններն ասում են, որ ռուբլով վճարումները հնարավոր կլինի առանց ԵՄ պատժամիջոցների խախտման, որոնք ուղղակիորեն չեն առնչվում նավթի եւ գազի մատակարարումներին, այլ ուղղված են բանկերի դեմ, որոնք կարող են ներգրավված լինել ռուբլով գործարքներում:

Ռուսական նավթի եւ գազի ներմուծման դադարեցումը ԵՄ որոշ երկրներին ավելի ծանր հարված կհասցնի, քան մյուսներին։ Գերմանիան՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը եւ էներգիայի սպառողը, ստանում է ռուսական գազի արտահանման 18 տոկոսը եւ նավթի արտահանման 11 տոկոսը։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան ասել է, որ իրեն «չի վախեցնում» Պուտինի պահանջը, քանի որ Լատվիան չի ներկրում ռուսական հում նավթ եւ կարող է ռուսական գազը փոխարինել այլ երկրներից հեղուկ բնական գազով։

«Ոչ ոք ռուբլով չի վճարի»,- ասել է Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը կհրաժարվի բնական գազի մատակարարումների համար վճարումներ ընդունել օտար արժույթներով, ներառյալ դոլարով եւ եվրոյով, եւ կանցնի ռուբլով հաշվարկների։