Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կառավարությանը մեղադրել է հասարակական տրանսպորտի եւ ջրամատակարարման գների բարձրացումը արգելափակելու համար, շաբաթ օրը հաղորդել է Bianet-ը։
Չորեքշաբթի օրը Թուրքիայի մայրաքաղաքի վարչակազմը, որը ղեկավարվում է ընդդիմադիրների կողմից, առաջարկել է 50 տոկոսով բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը։ Սակայն Տրանսպորտի համակարգող կենտրոնը, որտեղ կառավարության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, մերժել է առաջարկը։
«Ցավում եմ, որ այսքան անխոհեմ մարդիկ, որ սնանկացրել են հաստատությունները, զբաղվում են քաղաքականությամբ»,- ուրբաթ օրը քաղաքապետարանի բնակարանային գործակալության բացման ժամանակ Ստամբուլի քաղաքապետի ելույթի խոսքերն է մեջբերում Bianet-ը:
Իմամօղլուն նշել է վերջին մի քանի ամիսների ընթացքում վառելիքի գների մոտ 120 տոկոս աճը։
«Խոսքը այն սուբսիդիաների մասին է, որոնք գերազանցում են 10,5 մլրդ թուրքական լիրան... Գների աճը չի դադարում։ Միգուցե վաղը վառելիքի գները նորից բարձրանան»,- ասել է քաղաքապետը։
«Նրանք ջրի գներն էլ չեն բարձրացնում։ Այս երկրում էլեկտրաէներգիայի գները աճել են մոտ 300 տոկոսով։ 2019թ․ ընտրություններից հետո ջրի գները չեն փոխվել։ Մենք էլեկտրականության մեջոցով ենք ջուր ուղարկում մարդկանց տները»,- ասել է նա:
Ստամբուլի քաղաքապետը կառավարությանը նաեւ մեղադրել է քաղաքապետարանի գործունեությունը խաթարելու մեջ։
Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող մարմինը կանխատեսում է, որ 2022թ․ էլեկտրաէներգիայի արժեքը տնային տնտեսությունների համար կբարձրանա 50 տոկոսով, իսկ բիզնեսի համար՝ 125 տոկոսով։ Թուրք սպառողները պայքարում են սրընթաց ինֆլյացիայի պատճառով գնողունակության անկման դեմ:
2021թ․ թուրքական լիրան կորցրել է իր արժեքի 45 տոկոսը, քանի որ կառավարությունը վարում է անսովոր տնտեսական քաղաքականություն, որին աջակցում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ցածր տոկոսադրույքների կողմնակից է, գրում է Ahval-ը։





























