Երկուշաբթի Չինաստանի Գուանսի Չժուան ինքնավար մարզում China Eastern ավիաընկերության կործանված ինքնաթիռի բոլոր 132 մարդիկ՝ 123 ուղեւորները եւ անձնակազմի 9 անդամները, մահացել են, շաբաթ երեկոյան հայտնել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է China Daily-ն։
Չնայած երկուշաբթի օրվանից ինտենսիվ որոնողափրկարարական աշխատանքներին, վթարի վայրում կենդանության նշաններ չեն հայտնաբերվել, Ուչժոուում կայացած մամուլի ասուլիսում ասել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետի տեղակալ Հու Չժենցզիանը։
«Մենք վերլուծել ենք տեսահսկման տեսախցիկներից ստացված տեսագրությունները, օդային երթեւեկության կառավարման տվյալները եւ ավիավթարի վայրում բեկորների նկարները: Մենք կարող ենք վստահ լինել, որ փրկվածներ չկան։ Ծանր սրտով եւ խորը վշտով հայտնում ենք, որ China Eastern-ի MU5735 չվերթի 123 ուղեւորները եւ անձնակազմի 9 անդամները զոհվել են»,- ասել է նա։
Չժենցզիանը նշել է, որ որոնողափրկարարական խմբերը կշարունակեն որոնել զոհերին, նրանց աճյունները, իրերը եւ ինքնաթիռի բեկորները՝ կյանքի նկատմամբ հարգանք եւ զոհերի ընտանիքների հանդեպ պատասխանատվություն ցուցաբերելու համար: Բացի այդ, վթարի վայրում գտածոները կարեւոր նշանակություն ունեն ողբերգության հետաքննության համար:
China Eastern ավիաընկերության MU5735 չվերթը Յունան նահանգի մայրաքաղաք Կունմինից երկուշաբթի տեղական ժամանակով 13:11-ին է օդ բարձրացել։ Ըստ չվացուցակի՝ այն Գուանչժոու պետք է ժամաներ ժամը 15:05-ին։ Ավիադիսպետչերները օդանավի հետ կապը կորցրել են ժամը 14:21-ին, երբ այն Ուչժոուի օդում է եղել:





























