ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը իր բոցաշունչ ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «չի կարող մնալ իշխանության ղեկին»՝ կոչ անելով աշխարհի դեմոկրատական երկրներին միավորվել Ուկրաինային աջակցելու համար, թեեւ Սպիտակ տունն ավելի ուշ հայտարարել է, որ Բայդենը Մոսկվայում ռեժիմը փոխելու կոչ չի արել, հայտնում է Reuters-ը:

«Ի սեր Աստծո, այս մարդը չի կարող մնալ իշխանության ղեկին»,- ասել է Բայդենը Վարշավայում իր ելույթի ժամանակ հավաքվածներին։

Բայդենը նաեւ ասել է, որ Արեւմուտքը միասնական է ռուսական «ներխուժման» դեմ՝ միաժամանակ նշելով, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական անվտանգության դաշինք է, որը երբեք չի ձգտել Ռուսաստանի տապալմանը։

Սպիտակ տան ներկայացուցիչը, սակայն, ասել է, որ այս արտահայտությունները չեն նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն, որը չի ձգտում Ռուսաստանում ռեժիմի փոփոխության։

«Նախագահն ասել է, որ Պուտինին չի կարելի թույլ տալ իշխանություն գործադրել իր հարեւանների կամ տարածաշրջանի վրա»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ «Նա չի քննարկել Ռուսաստանում Պուտինի իշխանությունը կամ ռեժիմի փոփոխությունը».

Նույն օրը, ավելի վաղ, Վարշավայում ուկրաինացի փախստականներին այցելելուց հետո Բայդենը Պուտինին նաեւ «մսավաճառ» էր անվանել։