Հայաստանի եւ Լեհաստանի միջեւ առեւտրաշրջանառության ծավալը 32 մլն. դոլար է, ինչը առկա հնարավորությունների համար շատ չնչին ցուցանիշ է: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով հուլիսի 28-ի երեկոյան պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ միասին հանդիպել է հայ եւ լեհ գործարարների հետ, ողջունել հայ-լեհական գործարար համաժողովի մասնակիցներին:

Իր խոսքում Սերժ Սարգսյանն ասել է. «Նման հանդիպումների, համաժողովների կլոր սեղանների պարբերաբար կազմակերպումը լավ հնարավորություն է գործարարների համար` հաստատելու կապեր եւ ուրվագծելու հետագա համագործակցության ուղիները: Անհրաժեշտ է երկուստեք լուրջ աշխատանք տանել, որպեսզի հայ-լեհական առեւտրատնտեսական հարաբերությունները հասնեն քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում մեր փոխգործակցության մակարդակին: Ուրախ եմ, որ վերջին երկու տարում որոշակի դրական տեղաշարժի ենք հասել:

Տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկու նիստ՝ մեկը Երեւանում, մյուսը Վարշավայում, արդեն հաստատվել է Վարշավա-Երեւան օդային չվերթը:

Հայաստանում բացվում են Ազատ առեւտրի գոտիներ, որտեղ գործարարները Հայաստանի համար նորարարական-փորձարարական աննախադեպ ծրագրեր իրականացնելու հնարավորություն են ստանում:  Ազատ առեւտրի գոտիները կարող են խթան հանդիսանալ ոչ միայն Հայաստանի գործարարների նորարարական նախաձեռնությունների իրականացման, այլ նաեւ լեհ ու այլ երկրների գործարարների համար:

Երկկողմ համագործակցության մեծ հորիզոններ են բացվում նաեւ Հայաստանում ներկայումս արագ զարգացող ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում` «Հյուսիս-Հարավ» մայրուղու, նոր ատոմակայանի կառուցման ներդրումային ծրագրերի շրջանակներում: Դրանք մի քանի միլիարդանոց ծրագրեր են եւ լավ հնարավորություն են բացում լեհական ընկերությունների համար»:

Սերժ Սարգսյանի խոսքով, համագործակցության լուրջ ներուժ կա գյուղատնտեսական արդյունաբերության, շինարարության, թեթեւ արդյունաբերության, ոսկերչության, զբոսաշրջության, քիմիայի ոլորտներում: Նախագահը հաջողություն է մաղթել հայ եւ լեհ գործարարներին եւ հույս հայտնել, որ Լեհաստանի նախագահի հաջորդ այցելության ընթացքում Հայաստանում կլինեն լեհ ներդրողներ, կարձանագրվի ապրանաքաշրջանառության ծավալների եռակի, քառակի աճ: 

ԼՀ նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ընդգծել է. «Պետք է ասեմ, որ երբ մենք Լեհաստանում մտածում ենք հայերի մասին, անպայման հիշում ենք այնպիսի հատկություններ, ինչպիսիք են արդյունավետությունը, գործարար ջիղը եւ աշխատասիրությունը: Եվ ես շատ կցանկանայի, որ մեր երկկողմ տնտեսական հարաբերությունների մակարդակը հասներ ներկայիս հայ-լեհական քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Հայաստանի եվրոպական հավակնությունների բռնած ճանապարհին Լեհաստանի տրամադրած օժանդակությունը ձեր երկրին նաեւ արտահայտվում է նրանում, թե ինչպես ենք մենք համագործակցում Հայաստան-Եվրամիություն ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների շրջանակներում: Մենք վստահ ենք, որ Հայաստանը տնտեսական զարգացման լավ ուղի է բռնել, եւ դա ճանապարհ կհարթի եվրաինտեգրման համար: Վստահ եմ, որ Հայաստանի հետագա զարգացմանը զուգընթաց, գնալով ավելի մեծ հնարավորություններ կառաջանան կապիտալի ներհոսքի համար, եւ դա կներառի նաեւ լեհական կապիտալը»: