Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հուլիսի 29-ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լյուբեքի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնել են  կառավարության մամուլի ծառայությունից,  Սարգսյանը գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության ընթացքից եւ կարևորել դրա հետագա խորացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են պետություն-մասնավոր հատված համագործակցության (PPP) շրջանակում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերին ՄՖԿ-ի հնարավոր մասնակցության հարցին: Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը Հայաստանի առողջապահության եւ էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ծրագիրն է:

Սարգսյանը նշել է, որ  կառավարության եւ «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրով ձեռք է բերվելու պրոտոնային արագացուցիչ` ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն հիմնելու նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագիրը վկայում է գիտական ներուժի կիրառման մասին եւ հնարավորություն կտա արդիականացնել առողջապահության ոլորտը:

Ծրագրով նախատեսվում է Երեւանում հիմնել Ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն, որը բաղկացած կլինի ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից:

Իր հերթին Թոմաս Լյուբեքը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան աջակցում է Հահաստանի կառավարությանը տնտեսական բարեփոխումների հարցում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել համատեղ արդյունավետ աշխատանքի համար` ընդգծելով, որ գործարար միջավայրի բարելավումն առաջնահերթություն է Հայաստանի կառավարության համար:

Նշենք, որ  Հայաստանը Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC, www.ifc.org) անդամակցում է 1995 թվականից: Մինչ օրս ՄՖԿ-ն կատարել է 147 մլն դոլարին համարժեք ներդրում` իրականացնելով շուրջ 28 ծրագիր ֆինանսական շուկաների, արտադրության և հանքարդյունաբերության ոլորտներում: