ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հուլիսի 29-ին հարուցեց վարչական վարույթ Հրազդան քաղաքում գտնվող «Երեւան SET» սուպերմարկետի նկատմամբ՝ օրենքի հնարավոր խախտման առնչությամբ: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացրել են Հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի  կենտրոնում գործում է «Երեւան SET»  անվանումով սուպերմարկետ, որի ապրանքային նշանը շփոթության աստիճան նման է «Երեւան CITY» սուպերմարկետների ցանցի ապրանքային նշանին: 

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի,  ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսվարողի  գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:  Մասնավորապես այս դեպքում շփոթության առաջացում է համարվում այլ տնտեսվարողին պատկանող ապրանքային կամ սպասարկման նշանի նմանակումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը`, Հրազդանում գործող սուպերմարկետը որեւէ առնչություն չունի Սամվել Ալեքսանյանի բիզնեսի հետ, որին էլ պատկանում է «Երեւան CITY» ապրանքանիշը: