«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր կայացավ «Արարատբանկի» չորրորդ թողարկման պարտատոմսերի ցուցակումը: Սա ֆոնդային բորսայում 2011 թ. իրականացված առաջին թողարկումն է, թեեւ բորսայի գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը լրագրողներին վստահեցրեց, որ վերջինը չի լինի:
Ի դեպ` պարտատոմսերի ցուցակումը ազդարարվեց զանգակով, որը ավանդույթ է «NASDAQ OMX»-ի բոլոր առեւտրային հարթակներում:
«Արարատբանկի» գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շուկայում պարտատոմսերի նկատմամբ առկա է ավելի մեծ պահանջարկ, քան առաջարկվում է (ցուցակումից րոպեներ անց 30 մլն դրամի պարտատոմսերի վաճառք տեղի ունեցավ): Այն հարցին, թե բանկին արդյոք ավելի ձեռնտու չէ միջոցներ հայթայթել ավանդների տեսքով, հաշվի առնելով ավանդային տոկոսադրույքների որոշ նվազումը, Դ. Հարությունյանն ասաց, որ ավանդն ու պարտատոմսը համարժեք գործիքներ են:
Պարտատոմսը նույնիսկ առավելություն ունի ավանդի նկատմամբ` այն կարելի է մի որոշ ժամանակ անց վաճառել, առանց կորցնելու տոկոս ստանալու իրավունքը, այնինչ ավանդի դեպքում պայմանագրի վաղաժամկետ խզումը կհանգեցնի տոկոսային եկամուտների կորստի:




























