ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր` հուլիսի 29-ին ընդունել է Միջազգային անվտանգության եւ զենքերի չտարածման արցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերին:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԱԱԽ մամուլի ծառայությունից, կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջեւ հարաբերությունների առկա մակարդակը եւ ընդգծել են հետագա համագործակցության խորացման կարեւորությունը:
Գենզերը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանում սահմանային անվտանգության զարգացման ոլորտում իրականացված քայլերը, ողջունել է սահմանների կառավարմանը եւ ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ջանքերը` ընդգծելով ոլորտի կարեւորությունը զենքերի ապօրինի տարածման դեմ պայքարի եւ միջազգային անվտանգության ապահովման համատեքստում:
Բաղդասարյանը նշել է, որ վերջին երկու տարում սահմանների կառավարման ոլորտում լուրջ առաջընթաց է գրանցվել` հաստատվել է սահմանային անվտանգության ռազմավարությունը, ընդունվել է սահմանային ենթակառուցվածքների զարգացման ծրագիր եւ ընթացքում է համապատասխան գործողությունների ծրագրի իրականացումը` ԵՄ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ և ՄԱԶԾ-ի աջակցությամբ` որպես իրականացնող գործընկեր: Բաղդասարյանը կարեւորել է նաեւ ԱՄՆ-ի դերն այս գործընթացներում` տեխնիկական աջակցության տեսքով, ինչը մեծապես կնպաստի լավագույն արդյունք ստանալու նպատակի կենսագործմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Կարեւորելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` Բաղդասարյանը հույս է հայտնել, որ ապագայում դրանք արդյունքների կհանգեցնեն` Թուրքիայի կողմից կառուցողական դիրքորոշման դրսեւորման պարագայում:




























