Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է «Volvo Truks corporation» եւ «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունների ներկայացուցիչներին: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին կառվարության մամուլի ծառայությունից, վարչապետը հույս է հայտնել, որ նրանց այցելության ընթացքում հնարավոր կլինի ձեռք բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավորությունները` միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների եւ գյուղատնտեսության ոլորտներում: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի, բեռնատարների հավաքման, նշված ընկերությունների մասնակցությամբ մեր երկրում բեռնատար ավտոմեքենաների տարածաշրջանային նշանակության մասնագիտացված երաշխիքային սպասարկման կենտրոնի հիմնադրման, մինչև 5 տոննա բեռնատարողությամբ սառնարանային թափքերի հավաքման կազմակերպման հնարավորություններին:

Վարչապետը նշել է, որ կառավարության համար գյուղատնտեսական ոլորտը համարվում է գերակա ճյուղ եւ այդ համատեքստում կարեւորել նոր գյուղտեխնիկայի ներդրումը: Նա նաեւ հյուրերին է ներկայացրել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:

Սարգսյանը նշել է, որ կառավարությունը պատրաստակամ է ցուցաբերել շարունակական օժանադակություն` ներկայացվող ծրագրերի իրականացման համար:

Հյուրերը հույս են հայտնել, որ նախատեսվող ծրագրերի իրականացումը մեծ դեր կարող է ունենալ երկիրը զարգացնելու կառավարության ռազմավարության մեջ:

«Volvo Truks corporation»  եւ «Krone holding GmbH&Co.KG» ընկերությունները համագործակցում են միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան «Սպայկա» ընկերության հետ:

«Volvo Group»-ն աշխարհի առաջատար ընկերություններից է կոմերցիոն տրանսպորտի լուծումների, իսկ «Bernard Krone GmbH»-ն` կիսակցորդների եւ գյուղատնտեսական տեխնիկայի արտադրության բնագավառում: