Ներկայումս ՏՏ ոլորտի ընկերությունների տարեկան միջին աճը կազմում է 10 տոկոս, որը պետք է դարձնել առնվազն 30-40 տոկոս։ NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, հավելելով, որ ներկայիս իրավիճակում, երբ նորաստեղծ ընկերությունները չունեն ոչ մի առավելություն, այդ ամենը շատ դժվար է իրականացնել։
Նրա խոսքով՝ Հայաստանում ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունները մրցակցում են արդեն փորձառու ընկերությունների հետ նույն դաշտում, նույն հարթության վրա, արդյունքում՝ դրամաշնորհային ծրագրերի եւ տարբեր մրցույթների ժամանակ նորաստեղծ ընկերությունները պարզապես պարտվում են մրցակցությունում։
Բ. Ենգիբարյանի խոսքով՝ Հայաստանում գործող ՏՏ ոլորտի մոտ 300 ընկերություններից միայն 40-ն են նորաստեղծ։ Նշենք, որ ըստ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի՝ նախատեսվում է մինչեւ 2018թ. ՏՏ ոլորտի ընկերությունների քանակը հասցնել 1000-ի։
Հուլիսի 29-ին «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի նպատակն էր տեխնոլոգիական ոլորտում նորաստեղծ ընկերությունների քանակը մեծացնելը եւ նորաստեղծ ընկերությունների ընդհանուր խնդիրների եւ ոլորտի զարգացման նպատակների շուրջ քննարկում իրականացնելը։
Միջոցառումը կազմակերպել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Քննարկմանը մասնակցում էին 20-ից ավելի ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ։ Որոշվեց առաջիկայում եւս մեկ հանդիպում կազմակերպել, որի արդյունքում առաջարկություներ կներկայացվեն ՀՀ նախագահին՝ ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերություններին աջակցելու վերաբերյալ։



























