Գազի պաշարները Գերմանիայում կբավարարեն մինչեւ ամառվա վերջը, եթե Ռուսաստանից մատակարարումները հիմա դադարեցվեն, հայտարարել է ցանցի կարգավորիչը, փոխանցում է Reuters-ը։
Die Zeit շաբաթաթերթին տված հարցազրույցում Bundesnetzagentur-ի ղեկավար Կլաուս Մյուլլերն ասել է, որ գազի ներկայիս պաշարները «մի քիչ ավելի լավ տեսք ունեն», քան երեք-չորս շաբաթ առաջ, եւ մատակարարման անհապաղ դադարեցման դեպքում նույնիսկ մինչեւ աշնան սկիզբը կարող են բավարարել:
Ուկրաինայում «վայրագությունների» մասին հաղորդագրությունները կուժեղացնեն ԵՄ-ի վրա ճնշումը՝ ռուսական գազի ներկրումը արգելելու համար, ինչը Գերմանիային կստիպի նորմավորել էներգիան, ասել է նա: Այս հեռանկարը, նրա խոսքով, թերագնահատվում է շատ գերմանացիների կողմից։
Անցյալ ամիս Գերմանիան գազի մատակարարման կառավարման արտակարգ պլան է գործարկել։ Սա եռաֆազ պլանի առաջին քայլն է, որը կարող է հանգեցնել էներգիայի նորմավորման՝ առաջնահերթությունը տալով տնային տնտեսություններին եւ կարեւոր ենթակառուցվածքներին, ինչպիսիք են հիվանդանոցները:
Մյուլլերն ասել է, որ տնային տնտեսությունները չպետք է առաջնահերթությունների խոստումը միայն դրական առումով ընդունեն, քանի որ նրանք ստիպված կլինեն հրաժարվել որոշ շքեղություններից, ինչպիսիք են սաունաները, եթե գազը նորմավորվի: Նա նաեւ ասել է, որ մեկ վարձակալով մեծ բնակարանները չպետք է գազի անխափան մատակարարում ակնկալեն արտակարգ իրավիճակի դեպքում:
Նրա խոսքով, ցանկացած նորմավորման դեպքում առաջնահերթությունը կտրվի դեղագործական եւ սննդի ընկերություններին։



























