Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է ապրիլին Սաուդյան Արաբիա այցեել՝ 2018թ․ Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո առաջին անգամ, որից հետո Անկարայի եւ Էր Ռիադի հարաբերությունները հասել են պատմական նվազագույնի։
Տարածաշրջանային մերձեցումն ավարտելու եւ Անկարայի կապերն ամրապնդելու նպատակով Էրդողանը կմեկնի Էր Ռիադ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա ընթացքում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ թուրքական դատարանը Խաշոգջիի գործը փոխանցել է Սաուդյան Արաբիա, հաղորդում է Al-Monitor-ը:
Էրդողանի այցը դեռ պաշտոնապես չի հաստատվել։
Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունները սրվել են 2011թ․ «արաբական գարունից» հետո, երբ Թուրքիան փորձեց ամրապնդել իր դերը տարածաշրջանում՝ աջակցելով «Մուսուլման եղբայրներին» մոտ կանգնած խմբերին եւ արաբական ռեժիմներին բարեփոխումների կոչ անելով: Դիվանագիտական հարաբերություններն էլ ավելի են վատթարացել 2018թ․ Թուրքիայում թագավորության հյուպատոսությունում սաուդացի այլախոհ լրագրողի սպանության հետաքննության պատճառով:
Անկարան թագավորությանը մեղադրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բին Սալմանին քննադատող լրագրողի անհետացման մեջ։
Անցած հինգշաբթի թուրքական դատարանը հեռակա կարգով կասեցրել է Սաուդյան Արաբիայի 26 քաղաքացիների նկատմամբ դատավարությունը, որոնք մեղադրվում էին սաուդցի լրագրողի սպանության մեջ եւ հրամայել է գործը փոխանցել Սաուդյան Արաբիա։
Սաուդյան Արաբիայի տնտեսական աջակցությունը կարող է անհրաժեշտ լինել Թուրքիային եւ Էրդողանին։ Այս մասին Al-Monitor-ին ասել է Թուրքիայի Ահի Էվրան համալսարանի ակադեմիկոս Էյուփ Էրսոյը։
Վերջին հարցումները ցույց են տվել, որ 2023թ․ հունիսին նշանակված ընտրություններին ընդառաջ Էրդողանի նկատմամբ հանրային աջակցությունը նվազում է։ Տնտեսական վատ արդյունքները եւ ֆինանսական վատ կառավարման մեղադրանքները մեծապես ազդել են կառավարության աջակցության վրա:
Տարածաշրջանային տերությունների հետ խզված կապերը վերականգնելու համար Թուրքիան փորձում է կարգավորել հարաբերությունները նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Սաուդյան Արաբիայի հետ:
Հարաբերություններում նոր էջ բացելու նպատակով ԱՄԷ-ի փաստացի առաջնորդ, Աբու Դաբիի թագաժառանգ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը նոյեմբերին այցելել է Թուրքիա՝ հայտարարելով 10 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին: Փետրվարին Էրդողանը այցելել է ԱՄԷ՝ ստորագրելով 13 համագործակցության համաձայնագիր տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության եւ առեւտրի ոլորտներում։




























