Պենտագոնը զենք արտադրող ամերիկյան առաջատար 8 ընկերությունների հրավիրել է Ուկրաինայի կարիքների շուրջ քննարկմանը այն դեպքում, եթե պատերազմը տարիներ տեւի, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները։

Ակնկալվում է, որ հանդիպմանը կքննարկվի պաշարների համալրման հարցը, ինչպես նաեւ ավելի երկարատեւ պատերազմի պլանավորումը:

90 րոպե տեւողությամբ հանդիպումը կանցկացվի Պենտագոնի գնումների եւ մատակարարման բաժնում։ Սպասվում է, որ ներկա կլինի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը, հայտնել է աղբյուրը:

Պենտագոնում նշել են, որ ամենաօգտակար զենքերը փոքր չափի համակարգերն են, ինչպիսիք են Javelin հակատանկային հրթիռները եւ Stinger զենիթային հրթիռները, որոնք Վաշինգտոնը եւ նրա դաշնակիցները գրեթե ամեն օր մատակարարում են Ուկրաինային:

Raytheon Technologies-ը եւ Lockheed Martin Corp-ը համատեղ արտադրում են Javelins-ը, իսկ Raytheon-ը՝ Stinger-ը: Զենքի այլ առաջատար արտադրողներն են Boeing Co.-ն, Northrop Grumman-ը, General Dynamics-ը եւ L3Harris Technologies-ը:

Անցյալ շաբաթ Սպիտակ տունը հայտարարել է, որ ավելի քան 1,7 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել Ուկրաինային անվտանգության համար, այդ թվում՝ ավելի քան 5000 Javelins եւ ավելի քան 1400 Stingers: