Հանգստի մեկնելուց առաջ մաշկային տրավմատիկ միջամտություններ չպետք է արվեն, քանի որ դրանից հետո անհրաժեշտ է հետեւել մաշկին: Այս մասին այսօր` հուլիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հելիոս» դերմատո – կոսմետոլոգիական բժշկական կենտրոնի էսթետիկ բժշկության բաժնի ղեկավար, բժիշկ - կոսմետոլոգ Զարուհի Փափանյանը:
Անդրադառնալով լողավազաններին` կոսմետոլոգը նշեց, որ մաշկը պետք է խնամել լողավազան մտնելուց առաջ, եւ եթե ջրում քլորի պարունակությունից մաշկը չորանում է, ապա այն պետք է պատել յուղոտ քսուկով, իսկ լողավազանից դուրս գալուց հետո` խոնավեցնող քսուկով:
Խոսելով արեւայրուքի մասին` Զարուհի Փափանյանը նշեց, որ դրանից առաջ պետք է օգտագործել արեւապաշտօան քսուկ, արեւի տակ չլինել 11.00-17.00-ի սահմաններում: «Արեւայրուքը պետք է ընդունել աստիճանաբար: Արեւի ճառագայթները օգուտից բացի` կարող են նաեւ վնաս տալ, օրինակ` հանգեցնել մաշկի վաղ ծերացման»,- նշեց նա: Ինչ վերաբերում է Սեւանում արեւայրուք ընդունելուն, կոսմետոլոգը նշեց, որ այնտեղի արեւը շատ ուժեղ է եւ առկա է նաեւ քամի, ինչը շատ ավելի վտանգավոր է եւ մաշկի հատուկ խնամք է պահանջում: Արհեստական արեւայրուքին կամ սոլյարիին անդրադառնալով` կոսմետոլոգը նշեց, որ այն շատ վնասակար է:«Սոլյարին արեւից մի քանի անգամ վտանգավոր է, որովհետեւ այդ փակ տարածքում արեւից բացի` օզոն է արտադրվում, որը ցանկալի չէ մաշկի համար: Սոլյարիի ժամանակ պետք է փակեն մարմնի վրա եղած բոլոր խալերը, բոլոր կասկածելի գոյացությունները»,- ասաց նա: Ի դեպ, NEWS.am-ը ավելի վաղ անդրադարձել էր սոլյարի գներին, առավելություններին եւ թերություններիններին:




























