Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարները կոչ են արել շտապ միջոցներ ձեռնարկել պարենային անվտանգության ապահովման համար:
«Աշխարհը ցնցված է աճող ճգնաժամերից։ Ուկրաինայի պատերազմի հետեւանքները խորացնում են COVID-19-ի շարունակվող համավարակը, որն արդեն երրորդ տարին է տեւում, այն դեպքում, երբ կլիմայի փոփոխությունը, աճող անկայունությունը եւ հակամարտությունները մշտական վնաս են հասցնում մարդկանց ամբողջ աշխարհում: Հիմնական պարենային ապրանքների գների աճը եւ ապրանքների պակասը մեծացնում են ճնշումը տնային տնտեսությունների վրա ամբողջ աշխարհում եւ միլիոնավոր մարդկանց աղքատության մեջ գցում:
Համաշխարհային բանկի գնահատմամբ, եթե պարենային ապրանքների գները բարձրանան մեկ տոկոսային կետով, ապա ամբողջ աշխարհում 10 մլն մարդ կհայտնվի ծայրահեղ աղքատության մեջ։
Պարենի գների աճը խորանում է բնական գազի գնի կտրուկ աճով, որը ազոտական պարարտանյութերի հիմնական բաղադրիչն է: Պարարտանյութերի գների աճը, ինչպես նաեւ համաշխարհային մատակարարումների զգալի կրճատումը, կարեւոր հետեւանքներ ունեն պարենամթերքի արտադրության վրա շատ երկրներում, ներառյալ խոշոր արտադրողներն ու արտահանողները, որոնք մեծապես կախված են պարարտանյութերի ներմուծումից: Պարենի գների աճը եւ մատակարարման խափանումները կարող են սրել սոցիալական լարվածությունը շատ տուժած երկրներում, հատկապես այն երկրներում, որոնք արդեն իսկ անկայուն են կամ տուժել են հակամարտություններից»:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ աջակցել խոցելի երկրներին համակարգված գործողությունների միջոցով՝ սկսած շտապ պարենային մատակարարումներից, ֆինանսական աջակցությունից, գյուղատնտեսական արտադրության ավելացումից եւ բաց առեւտրից: «Մենք նաեւ կոչ ենք անում միջազգային հանրությանը օգնել բավարարելու հրատապ ֆինանսավորման կարիքները, այդ թվում՝ դրամաշնորհների միջոցով:
Մենք նաեւ կոչ ենք անում բոլոր երկրներին բաց պահել առեւտուրը եւ խուսափել սահմանափակող միջոցներից, ինչպիսիք են սննդամթերքի կամ պարարտանյութերի արտահանման արգելքները, որոնք էլ ավելի են խորացնում ամենախոցելի խավերի տառապանքը։ Հատկապես կարեւոր է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից մարդասիրական սննդամթերքի գնումների արտահանման սահմանափակումներ չկիրառելը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։





























