Վրաստանի խորհրդարանի երկու պատվիրակություններ կայցելեն Ուկրաինա։ Ինչպես խորհրդակցություններից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, մեկ պատվիրակության շուրջ համաձայնության գալ չի հաջողվել։

Առկա տեղեկատվության համաձայն՝ խորհրդարանի նախագահը այս շաբաթվա վերջին Ուկրաինա կմեկնի։ Այս փուլում հայտնի չէ, թե ով է նրան ուղեկցելու, սակայն, ինչպես նշել են ընդդիմադիրները, դուրս գալով խորհրդարանի նախագահի աշխատասենյակից, իրենք չեն լինի նրա պատվիրակության կազմում, հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»։

Միաժամանակ, ըստ ընդդիմության, Ուկրաինա այցի նպատակով կձեւավորվի խորհրդարանական առանձին պատվիրակություն, որի կազմում կլինեն խորհրդարանում ներկայացված քաղաքական խմբերի ներկայացուցիչներ։ Նրանց խոսքով՝ այս պատվիրակությունը բաց կլինի նաեւ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների համար, եթե նրանք ցանկություն հայտնեն։