Պենտագոնը նախատեսում է ավելի բարդ ռազմական տեխնիկա փոխանցել Ուկրաինային, հնարավոր է՝ զրահապատ Hummer-ներ, առափնյա պաշտպանության անօդաչու թռչող սարքեր եւ հաուբիցներ, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Ըստ վերջիններիս՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի առաջադեմ սպառազինություն է խնդրել, եւ այս նոր օգնության փաթեթը կարող է 750 մլն դոլար արժենալ: Նրանք նախազգուշացրել են, որ զենքի ճշգրիտ քանակն ու տեսակները դեռեւս քննարկվում են, եւ քանի որ զենքի մի մասը նոր կլինի ուկրաինական զորքերի համար, նրանց, հավանաբար, պետք կլինի սովորեցնել ինչպես օգտագործել դրանք:

ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան Post-ին ասել է, որ ԱՄՆ-ն օրական ռազմական օգնության 8-10 ինքնաթիռ է ուղարկում Ուկրաինայի հարեւաններին, այնուհետեւ բեռները փոխանցվում են Ուկրաինային: