Համաշխարհային բանկը ուկրաինական ճգնաժամի հետեւանքների պատճառով նվազեցնում է 2022թ․ համաշխարհային աճի կանխատեսումը գրեթե ամբողջական տոկոսային կետով՝ 4,1 տոկոսից մինչեւ 3,2 տոկոս, ասել է Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մալփասը, հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Համաշխարհային բանկը արձագանքել է պատերազմի հետեւանքով առաջացած լրացուցիչ տնտեսական սթրեսին՝ առաջարկել է ճգնաժամի ֆինանսավորման 170 մլրդ դոլարի 15-ամսյա նոր թիրախային ցուցանիշ, որի նպատակն է այդ ֆինանսավորումից մոտ 50 մլրդ դոլարը առաջիկա երեք ամիսների ընթացքում հատկացնել:

Մալփասը նշել է, որ աճի կանխատեսման նվազեցման ամենամեծ բաղադրիչը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, ներառյալ Ուկրաինայում, Ռուսաստանում եւ հարեւան երկրներում 4,1 տոկոսով կրճատումն է եղել: Նրա խոսքով՝ կանխատեսումները նաեւ նվազում են զարգացած տնտեսությունների եւ շատ զարգացող երկրների համար՝ կապված պարենամթերքի եւ էներգիայի գների աճի հետ, որոնք առաջացել են պատերազմի հետ կապված մատակարարումների խափանումների հետեւանքով: