Մինչեւ 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանը գտնվելու է սահմանադրական հեղաշրջման գործընթացի մեջ: Նման կարծիք է հայտնել Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը օգոստոսի 1-ին լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, Սահմանադրության դրույթների չպահպաման գործընթացը օժանդակություն է ստանում ներկա ֆորմատով` իշխող կոալիցիայի (ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ) եւ արմատական ընդդիմության` ՀԱԿ-ի կողմից: «Շրջանցելով սահմանադրությամբ սահմանված բոլոր հասարակական ինստիտուտները, ներառյալ Ազգային ժողովը, փոխադարձ համաձայնությամբ ստեղծվում է խումբ, որն իր վրա է վերցնում քաղաքական որոշումներ ընդունելու լիազորությունը: Կոալիցիան հայտարարում է ցանկացած հարցով երկխոսության համաձայնության մասին` սակայն ինչո՞ւ ոչ Ազգային ժողովում: Թող այստեղ հրավիրեն ընդդիմությանը եւ տեղում լուծեն բոլոր առաջադրված հարցերը: Երկխոսության ներկա ձեւաչափը նախատեսված չէ Սահմանադրությամբ, սակայն այն գերադասել են Սահմանադրությունից: Դա ոչ ավել, ոչ պակաս կարող է սահմանադրական հեղաշրջման սկիզբ նշանակել».-ասել է Հովհաննիսյանը:

Նրա կարծիքով, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից բաղկացած միացյալ բանակցային խմբի ստեղծումն այլեւս արտահերթ ընտրություններին չի վերաբերում: «Ընդհակառակը, իշխանությունն այստեղ արժեքավոր հակափաստարկներ է ստանում: Եթե արտահերթ ընտրությունները պահանջվում էին որպես միջոց երկխոսության համար, ապա երկխոսությունն արդեն սկսվել է, եւ իշխանությունները կարող են հայտարարել, որ արտահերթ ընտրությունների կարիք այլեւս չկա»,-նշել է փորձագետը:

Այդուհանդերձ, նա հավելել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը առավել օրինական կլիներ, քան ներկա երկխոսությունը:

«Խորհրդարանում քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությունը չի արտահայտում նրանց հասարակական աջացության աստիճանը: Այսօր երկրում երկրորդ ազդեցիկ քաղաքական ուժը` ՀՀՇ-ն է, իսկ նա ներկայացուցիչներ չունի խորհրդարանում: Դա կարող էր առիթ հանդիսանալ արտահերթ ընտրությունների համար, մինչդեռ ՀՀՇ-ն այլ ուղի ընտրեց»,-նկատել է փորձագետը: Հովհաննիսյանի կարծիքով, հենց այդ տարբերակը հղի է  դժվարություններով ՀՀՇ-ի համար, քանզի Կոնգրեսը քաղաքական վստահություն  է վաստակել գերազանցապես ծայրահեղական խոստումների շնորհիվ, իսկ այժմ գնում է նման երկխոսության: «Հետեւանքներին ականատես կլինեք ընդդիմության առաջիկա հանրահավաքի ժամանակ»,-եզրափակել է Հովհաննիսյանը: