Էներգետիկ հսկա Shell-ը բանակցություններ է վարում չինական ընկերությունների հետ՝ Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցների պայմաններում ռուսական գազային խոշոր նախագծում իր մասնաբաժինը վաճառելու համար, հայտնում է The Telegraph-ը։
Լոնդոնում գտնվող ընկերությունը բանակցություններ է վարում չինական CNOOC Ltd, CNPC եւ Sinopec պետական նավթային ընկերությունների հետ՝ հեղուկ բնական գազի «Սախալին-2» գործարանում իր 27,5 տոկոս բաժնեմասը վաճառելու համար:
«Սախալին-2»-ը վերահսկվում եւ շահագործվում է ռուսական գազային հսկա «Գազպրոմ»-ի կողմից: Նախագծի մյուս մասնակիցների թվում են ճապոնական Mitsui & Co ընկերությունը եւ Mitsubishi Corp.-ը։
Չինական ընկերությունների հետ քննարկումները ներառում են Shell-ի բաժնետոմսերի հնարավոր վաճառքը մեկ, երկու կամ բոլոր երեք ընկերություններին, գրում է թերթը՝ հավելելով, որ Shell-ը բաց է Չինաստանից դուրս պոտենցիալ գնորդների համար:
Փետրվարին Shell-ը հայտարարել էր, որ կդադարեցնի իր բոլոր գործարքները Ռուսաստանում, ներառյալ՝ կհրաժարվի ՀԲԳ արտադրող «Սախալին-2» գործարանից՝ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների խստացումից հետո:
Այս ամսվա սկզբին ընկերությունը հայտարարել էր, որ Ռուսաստանից հեռանալու որոշումից հետո կզրկվի մինչեւ 5 մլրդ դոլարի շահույթից:





























