Արաբական պետությունների լիգան Իսրայելին կոչ է արել դադարեցնել հրեական աղոթքները Արեւելյան Երուսաղեմում իսլամի երրորդ սուրբ վայրի տարածքում՝ նախազգուշացնելով, որ դա աղաղակող վիրավորանք է մահմեդականների զգացմունքներին եւ կարող է ավելի լայն հակամարտություն առաջացնել, հաղորդում է Reuters-ը:
ԱՊԼ-ն նշել է, որ մինչ Իսրայելը սահմանափակել է մահմեդականների պաշտամունքի իրավունքը Երուսաղեմի Հին քաղաքում, ոստիկանության պաշտպանության տակ գտնվող ծայրահեղ ազգայնական հրեաներին թույլատրվել է Ռամադանի մահմեդական ծոմի ժամանակ մտնել Ալ-Աքսա մզկիթի տարածք:
Այս վայրը մահմեդականներին հայտնի է որպես Հարամ ալ-Շարիֆ (Ազնվական սրբավայր), իսկ հրեաներին՝ որպես Տաճարի լեռ՝ հուդայականության ամենասուրբ վայր, որտեղ, նրանց կարծիքով, երկու հնագույն տաճարներ են եղել:
«Մեր պահանջները պարզ են, որ Ալ-Աքսան եւ Հարամ ալ-Շարիֆը մուսուլմանների միակ պաշտամունքի վայրերն են ողջ տարածքում»,- Ամմանում արտակարգ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման ալ-Սաֆադին՝ Արաբական լիգայի ղեկավար Ահմեդ Աբուլ Գեյթի հետ:
Գեյթն ասել է, որ Իսրայելը խախտում է դարավոր քաղաքականությունը, որի համաձայն՝ ոչ մահմեդականները կարող են այցելել Ալ-Աքսա համալիր, բայց չաղոթել այնտեղ:
Իսրայելի առաջնորդները հայտարարել են, որ Երուսաղեմում բոլոր կրոնների համար ապահովում են հավատքի ազատությունը:
Ալ-Աքսա մզկիթի տարածքը երկարատեւ հակամարտության առավել խոցելի վայր է։ Այս տարի լարվածությունը սրվել է մասամբ այն պատճառով, որ Ռամադանը համընկել է հրեական Պասեքի տոնակատարության հետ:
«Այդ խախտումները բացահայտ վիրավորանք եւ սադրանք են մահմեդականների զգացմունքների նկատմամբ, եւ դրանք կարող են հանգեցնել բռնության ցիկլի, որը սպառնում է տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգությանն ու կայունությանը»,- ասվում է Արաբական լիգայի հայտարարության մեջ:
Իսրայելը ողջ Երուսաղեմը համարում է իր մայրաքաղաքը եւ հրեական հավատքի կենտրոնը։ 1967թ․ հակամարտությունից հետո նա բռնակցել է Արեւելյան Երուսաղեմը, որի մեջ մտնում է Հին քաղաքը։
Իսրայելում եւ պաղեստինյան օկուպացված տարածքներում վերջին շաբաթների ընթացքում բռնության աճը ավելի լայն հակամարտությանը վերադառնալու մտահոգություններ է առաջացրել:
Մարտից իսրայելական ուժերը Հորդանան գետի արեւմտյան ափին արշավանքների ժամանակ սպանել են առնվազն 29 պաղեստինցիների, իսկ Իսրայելում արաբների փողոցային հարձակումների շարքը 14 մարդու կյանք է խլել:
Սաֆադին, որն այս շաբաթ զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա ասել է, թե երաշխիքներ է ստացել, որ Իսրայելը կդադարեցնի հրեա հավատացյալների մուտքը Ալ-Աքսա Ռամադանի վերջին 10 օրերի ընթացքում, որը սկսվում է ուրբաթ օրը, եւ շատերն ակնկալում են, որ այդ քայլը կօգնի թուլացնել լարվածությունը:





























