Վալբժիխ քաղաքի մոտակայքում Կայտուս անունով շունը պատահաբար միջնադարյան մետաղադրամների տարա է հայտնաբերել՝ հողը փորելով: Դա վերջին հարյուրամյակում Լեհաստանում հայտնաբերված խոշորագույն գանձն է, գրում է Arkeonews-ը:

Շունը գանձը գտել է տիրոջ հետ զբոսնելիս: Կենդանին հանկարծակի սկսել է փորել սովորական հողատարածքում, որտեղ էլ հնագույն մետաղադրամներն է հայտնաբերել:

Շան տերը հայտնագործության մասին հայտնել է հնագետներին: Վերջիններս ժամանել են տվյալ վայր եւ հայտնաբերել 13-րդ դարին պատկանող լեհական մետաղադրամներն ու դրանց սափորը:

Նշվում է, որ մետաղադրամները լավ են պահպանվել: Դրանց վրա հստակ երեւում են արծվառյուծի, ջրահարսերի եւ հրեշտակների, աշտարակների ու պարիսպների պատկերները: