Խնդիրների կատարման ցուցանիշներով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մնացել է 2008 թվականի մակարդակին։ Այս մասին հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը։ Ընդ որում, նա ընդգծել է, որ ընկերությունը 10%-ով թերակատարել է բյուջեն։

Ինչ վերաբերում է փոխադրումների ծավալին, ապա ներքին փոխադրումներն ավելացել են 34%-ով, այն դեպքում, երբ արտահանվողը կրճատվել է 51%-ով։ Շայդուլինն ընդգծել է, որ Վրացական երկաթուղու հետ արդյունավետ համագործակցությունը հանգեցրել է Վրաստանից Հայաստան եւ հակառակը ուղեւորափոխադրումների 43% աճի։ Արդեն 2010 թվականի ամռանից Երեւանից Բաթում կմեկնեն երկաթուղային երկու շարժակազմեր, իսկ տոմսերն ուղեւորները կարող են պատվիրել նույնիսկ ինտերնետով։ Կներդրվի նաեւ վագոնների դասակարգման համակարգ։

Բիզնես կարգի ուղեւորները կերթեւեկեն պերճաշուք բազկաթոռներով, բազմոցներով ու հեռուստացույցով վագոններում։ Գլխավոր տնօրենը գոհունակությամբ նշել է նաեւ, որ ընկերությունը կատարել է որակական բոլոր ցուցանիշները։ Օրինակ՝ վագոնների շրջանառությունը կրճատվել է 11%-ով, իսկ շարժակազմերի միջին օրական վազքը կազմել է 220 կմ։ Աշխատանքի արդյունավետության ցուցանիշով ընկերությունը նույնպես 1,6%-ի աճ է գրանցել 1 տոննա/կմ-ի հաշվով։

ՓԲԸ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը բարձրացել է 30%-ով՝ կազմելով 116 հազար դրամ։ Շայդուլինն ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի բարձրացրել երկաթուղային փոխադրումների սակագինը եւ գործնականում իր վրա է վերցրել էլեկտրաէներգիայի գների բարձրացման ողջ ծանրությունը։ Արդյունքում 2009 թվականին ընկերության կրած վնասը կազմել է 120 մլն. ռուբլի։ Սակայն մինչեւ տարվա վերջ նախատեսվում է այդ ցուցանիշը նվազեցնել 60 մլն. ռուբլու։ Ձեռքբերումների շարքում գլխավոր տնօրենը նշել է այն փաստը, որ մոտ ժամանակներս Հայաստան է բերվելու ուղեչափ, ինչը զգալիորեն կթեթեւացնի երկաթգծերի հաշվարկային-վերականգնողական աշխատանքները։ «Ցանկանում եմ ընդգծել, որ բացի Հայաստանից՝ նման ուղեչափ ունի միայն Ռուսաստանը։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի հետ՝ անհրաժեշտության դեպքում սարքը վրացական երկաթուղու շահագործմանը տրամադրելու հարցում, փոխարենը՝ ստանալով վրացական տեխնիկան օգտագործելու իրավունք»,- նշել է նա։

Շայդուլինը հայտնել է նաեւ, որ ներկայումս վերականգնվել է Սոդք-Արարատ երկաթուղային ճյուղի շահագործումը, որով Սոդքի հանքավայրերից ոսկի պարունակող հանքաքարեր են տեղափոխվում Արարատի գործարանում վերամշակման համար։ Նախատեսվում է, որ 2010 թվականի ընթացքում Սոդքից Արարատ բեռնափոխադրումների ծավալը կկազմի 2 մլն. տոննա (այդքան է կազմել Հայաստանի 2008 թվականի բեռնափոխադրումների ողջ ծավալը)։ Ըստ գլխավոր տնօրենի, ճյուղի վերակառուցման մեջ ներդրվել է 523 մլն. ռուբլի, քանի որ Սոդքից Արարատ ընկած ճանապարհին գտնվող կայարանների ենթակառուցվածքի 60%-ը թալանվել էր։