Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը կարծում է, որ Ռուսաստանի միջազգային մեկուսացումը չի հաջողվի երկար պահպանել: Նման կարծիք Շրյոդերը հայտնել է The New York Times-ին տված հարցազրույցում:

«Երկարաժամկետ հեռանկարում մեկուսացնել այնպիսի երկիր, ինչպիսին Ռուսաստանն է, չի կարելի՝ ո՛չ քաղաքականապես, ո՛չ տնտեսապես»,- ընդգծել է նա: «Գերմանական արդյունաբերությունը հումքի կարիք ունի, որը կա Ռուսաստանում: Խոսքը ոչ միայն նավթի ու գազի, այլեւ հազվագյուտ հողային տարրերի մասին է: Դա այն հումքն է, որը հնարավոր չէ պարզապես փոխարինել»,- վստահություն է հայտնել Շրյոդերը: Վերջինս կարծում է, որ Գերմանիայի ու Եվրոպայի խաղաղությունն ու բարգավաճումը մշտապես կախված է լինելու ՌԴ-ից:

NYT-ի հետ զրույցում նա հայտնել է նաեւ, թե որ պարագայում կհեռանա «Ռոսնեֆթ» ռուսական նավթագազային ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: Գերմանիայի նախկին կանցլերի խոսքով՝ դա տեղի կունենա, եթե Մոսկվան դադարեցնի նավթի եւ գազի մատակարարումը Եվրոպա:

«Դա տեղի չի ունենա»,- կարծիք է հայտնել է Շրյոդերը: Սակայն նշել է, որ նման սցենարի դեպքում «կհեռանա պաշտոնից»:

«Երբ այս պատերազմն (Ուկրաինայում՝ խմբ.) ավարատվի մենք ստիպված կլինենք վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մենք միշտ ենք այդպես անում»,- հավելել է գործիչը:

Գերմանիայի Սեցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարությունն ավելի վաղ նամակ էր ուղարկել երկրի նախկին կանցլերին՝ պահանջելով վերջինիս հնարավորինս շուտ հեռանալ ռուսական պետական ընկերություններում իր զբաղեցրած բոլոր պաշտոններից: Այս մասին մարտի 3-ին հայտնել էր կուսակցության համանախագահ Լարս Քլինգբայլը:  

Գերմանիայի նախկին դեսպանը 2017 թվականից ղեկավարում է «Ռոսնեֆթ» ռուսական պետական նավթային ընկերության տնօրենների դիտորդական խորհուրդը: Բացի այդ, նա «Հյուսիսային հոսք» գազատարի օպերատոր ընկերության՝ Nord Stream AG-ի բաժնետերերի հանձնաժողովի նախագահն է: