Համաշխարհային արժութային պահուստներում ամերիկյան դոլարի մասնաբաժինն ընկել է դիտարկումների պատմության ընթացքում ամենացածր մակարդակին, մինչդեռ չինական յուանի մասնաբաժինն աճել է, նշում են JPMorgan-ի վերլուծաբանները:

Դոլարի մասնաբաժինը 2021թ․ չորրորդ եռամսյակում իջել է 59 տոկոսից էլ ցածր՝ մինչ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները կասկածներ կառաջացնեին դոլարի հասանելիության հուսալիության վերաբերյալ: Սա ավելի քիչ է, քան 2020-ի սկզբի գրեթե 62 տոկոսը եւ 2015-ի՝ 65 տոկոսը: Բացի այդ, վերջին տարիներին անկման տեմպերն արագացել են։

«ԱՄՆ դոլարով արտահայտված ակտիվներում տեղաբաշխված պահուստների մասնաբաժինը 2018-ից նվազել է մոտ 5 տոկոսով, իսկ տեմպերն արագացել են վերջին եռամսյակներում»,- գրում են JPMorgan-ի վերլուծաբանները՝ Մայքլ Հանսոնի գլխավորությամբ:

Դոլարի անկումն էլ ավելի դրամատիկ է, եթե հաշվի առնենք արժույթի արժեքը։ Բանկային վերլուծաբանները պարզել են, որ դոլարի վերջին ամրապնդումը քողարկում է դրա պահուստային կարգավիճակի առավել կտրուկ անկումը, եւ այդ տեխաշարժը, կարծես, ուժեղացել է 2018-ին Չինաստանի հետ ԱՄՆ-ի առեւտրային պատերազմից հետո:

Վերլուծաբանները նշում են, որ այս միտումը ազդարարում է դեպի ավելի դիվերսիֆիկացված արտարժույթի ակտիվներ ակնհայտ քայլի մասին, եւ հնարավոր է, որ ՌԴ ԿԲ-ի դեմ այժմյան պատժամիջոցները խորացնեն այդ ազդեցությունն ապագայում:

Եվրոն, որը տարածվածությամբ երկրորդ արժույթն է, զուտ անկում է ապրել վերջին տասնամյակի ընթացքում, սակայն վերջին երեք տարիների ընթացքում աճել է, հաղորդում է JPMorgan-ը:

Բոլորովին վերջերս, օֆշորային յուանի գները 2015-ից հետո իրենց ամենամեծ շաբաթական անկումն են ապրել դոլարի նկատմամբ, քանի որ Պեկինը կրկին խիստ սահմանափակումներ է մտցնում՝ կորոնավիրուսը զսպելու համար, մինչդեռ ԱՄՆ-ի պարտատոմսերի ավելի բարձր եկամտաբերությունը խրախուսում է ներդրումներ կատարել դոլարով:

Չինաստանի արժույթի բյուրոյի ներկայացուցիչն ասել է, որ չնայած յուանի վերջին անկայունությանը, արժույթը մնում է կայուն եւ կկարողանա դիմակայել տոկոսադրույքները բարձրացնելու ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի քաղաքականության առաջիկա փոփոխություններին: