Մենք լուռ քայլում էինք: Քանի դեռ երթը շարժվում էր, ես մտորում էի, թե ինչ մտքեր են պտտվում մեզ շրջապատող մարդկանց գլխում: Հավանաբար, նախապապերի մասին, որոնք թուրք օսմանցիների ձեռքով սպանվել են իրենց գյուղերում: Կամ ընտանիքի անդամները ուղարկվել են սիրիական անապատ՝ մահանալու: Այս մասին The Tennessean-ի իր հոդվածում գրել է Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա եւ Մադերա շրջանների նախկին դատախազ Դեւիդ Մինյեն:

«Հասնելով բլրի գագաթին՝ կնոջս հետ մտանք հուշահամալիր եւ մեր ծաղիկները դրեցինք շատ ուրիշ ծաղիկների վրա: Մեր շուրջը ցածր ձայնով հնչում էին Ցեղասպանության զոհերի ընտանիքների անդամների անունները: Առնվազն 1.5 մլն հայ է սպանվել կառավարության կազմակերպած էթնիկ զտումների ժամանակ:

Առաջին անգամ մոռացված Ցեղասպանության մասին ես իմացա, երբ հնարավորություն էի ստացել ապացուցելու, որ այն տեղի է ունեցել:

1973 թ. 78-ամյա Գուրգեն Յանիկյանը երկու թուրք դիվանագետի էր խաբեությամբ հրավիրել հյուրանոց Սանտա Բարբարայում, այնուհետեւ կրակել էր նրանց: Յանիկյանի զոհերը պրոֆեսիոնալ դիվանագետներ էին, որոնք ընտանիքներ ունեին, որոնք Ցեղասպանության համար մեղավոր էին ոչ ավելի, քան այսօրվա գերմանացիները՝ Հոլոքոստի համար:

Նրա ծրագիրն «ամերիկյան Նյուրնբերգ» կազմակերպելն էր՝ ցուցադրական գործընթաց՝ նման Երկրորդ աշխարհամարտից հետո տեղի ունեցածին, որպեսզի ուշադրություն հրավիրի մոռացված ցեղասպանությանը: Յանիկյանին սպանության մեղարանք էր առաջադրվել, եւ ես որպես շրջանային դատախազ պետք է նրան պատասխանատվության ենթարկեի:   

Դատավարություն էր նշանակվել, եւ պաշտպանությունը հայտարարել էր, որ որպես վկա հրավիրել է Ցեղասպանությունը վերապրած տարեց հայերին:

Յանիկյանի փաստաբանները համոզում էին ինձ թույլ տալ վկաներին ելույթ ունենալ, որպեսզի «մեղադրանք առաջադրեմ Ցեղասպանության դեմ»:

Ես երկմտանքի առաջ էի կանգնել. թույլ տալ վկաների ամբոխին խոսել Ցեղասպանության սարսափների մասին՝ առաջ քաշելով արդարցման հարցը, թե արգելափակել ապացույցներն ու հասնել դատապարտման: Ես ընտրեցի ավելի անվտանգ տարբերակը եւ առարկեցի վկայություններին: Դատավորն ինձ աջակցեց, եւ ատենակալները վճիռ կայացրին սպանության մեղադրանքով: Յանիկյանի «հայկական Նյուրնբերգը» մերժվեց, իսկ մոռացված Ցեղասպանությունն այդպես էլ չապացուցված մնաց: Սակայն այնքան շատ են պատմական ապացույցները, որ առնվազն 32 երկիր պաշտոնապես դատապարտել է այն: Թենեսի նահանգի Ներկայացուցիչների պալատն այն ճանաչել է 2015 թ.:

Հայոց ցեղասպանությունը չպետք է մոռացվի: Պատմության ամենամութ էջերը՝ ցեղասպանությունները, պետք է ամբողջությամբ բացահայտվեն»: