Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամները վերջին մի քանի տարվա ընթացքում 600 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույք եւ շքեղ իրեր են վաճառել՝ թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի ֆինանսական քաղաքականության խստացումից հետո եկամուտների նվազման պատճառով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրները:

Պարբերականի տվյալներով՝ ավելի վաղ որոշ արքայազներ ամսական մինչեւ 30 միլիոն դոլար էին ստանում գանձարան մտնող միջոցներից, սակայն այժմ թագաժառանգն արգելափակել է եկամտի բազմաթիվ աղբյուրներ: Այդպես, Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն արգելել է իր հարազատներին վճարել արտերկրում հանգստի համար ջրամատակարարման եւ էլեկտրաէներգիայի վճարների հաշվին։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի կառավարությունը որոշել է, որ հինգերորդ եւ ամեն հաջորդ տնային աշխատողի համար պետք է 2500 դոլար տուգանք վճարվի: Այդ բոլոր միջոցները Սաուդյան Արաբիային թույլ են տալիս մի քանի հարյուր միլիոն դոլար խնայել:

Պարբերականի տվյալներով՝ թագավորական ընտանիքի որոշ անդամներ չունեն բավականաչափ կանխիկ գումար՝ սպասավորներ պահելու եւ բազմաթիվ հաշիվների դիմաց վճարելու համար, իսկ մյուսները նախընտրում են ազատվել ունեցվածքի մի մասից՝ թագաժառանգի ուշադրությունը չգրավելու համար։ «Նրանք ցանկացած ակնկալիք գերազանցող կյանքի ստանդարտներ ունեին, ոչ երկրային ծախսեր: Հարմարվելու համար նրանց ժամանակ է պետք»,- աղբյուրի խոսքերը մեջբերում է թերթը։

Օրինակ՝ ԱՄՆ-ում երկրի նախկին դեսպան արքայազն Բանդար բեն Սուլթան Ալ Սաուդը, ըստ պարբերականի աղբյուրի, վաճառել է Մեծ Բրիտանիայում 155 միլիոն դոլար արժողությամբ իր ունեցվածքը, երկու զբոսանավ եւ զարդեր, որպեսզի իր հարստությամբ աչքի չընկնի: