Հրշեջները փողոցային զուգարանից դուրս են բերել հեռախոսի հետեւից այնտեղ ընկած ամերիկուհուն, հայտնում է CNN-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Վաշինգտոն նահանգի Օլիմպիական ազգային պարկի Ուոքեր լեռան վրա։ Այն բանից հետո, երբ կնոջ հեռախոսն ընկել է զուգարանակոնքի մեջ, նա քանդել է փողոցային զուգարանի նստարանն ու կորպուսը՝ փորձելով հասնել գաջեթին։ Կինը օգտագործել է շան վզափոկը՝ փորձելով «բռնել այն»։ Այնուհետեւ նա ապահովության համար իրեն է կապել վզափոկը եւ դեպի հեռախոսը ներքեւ ձգվել: Արդյունքում կինն ընկել է փոսը։

Մոտ 20 րոպե կինը զուգարանի հատակին հեռախոս է փնտրել։ Երբ նրան դա հաջողվել է, նա զանգահարել է 911: Օգնության ժամանած հրշեջները բլոկներ են իջեցրել փոսի մեջ, որոնց վրա կինը կանգնել եւ կարողացել է հասնել իր համար իջեցված անվտանգության գոտուն:

Ըստ հրշեջ ծառայության՝ կնոջը լվացել են եւ մաքուր հագուստ տվել։ Նա հրաժարվել է իրեն առաջարկված բուժզննումից եւ հեռացել է։