ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր` օգոստոսի 2-ի առավոտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանի, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի պաշտպանական բանակի առաջապահ դիրքեր:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա զրուցել է զինծառայողների հետ, ծանոթացել ծառայողական պայմաններին: Զինծառայության ընթացքում պարտաճանաչությամբ, խիզախությամբ եւ անձնվիրությամբ աչքի ընկած զինվորներին վարչապետը պարգեւատրել է ժամացույցներով:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը եղել է Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում, մասնակցել զինվորների ռազմաուսումնական վարժանքներին: Դիմելով զինծառայողներին` վարչապետը նշել է. «Սիրելի զինվորներ, դուք պետք է հպարտ լինեք, որ այսօր ծառայում եք ԼՂ պաշտպանության բանակում եւ պետք է հպարտ լինեք այն պատճառով, որ դուք հաղթանակած բանակի ներկայացուցիչներ եք: Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայի, որպեսզի դուք ունենաք բոլոր հնարավորությունները` բարձրացնելու ձեր մարտունակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Լրագրողների հետ զրույցում վարչապետը նշել է, որ տպավորված է զինվորների ռազմական եւ հոգեբանական պատրաստվածության աստիճանից: «Մենք տեսնում ենք, որ զինվորը հպարտ է, համաձակ, կազմակերպված, գիտի իր գործը, պրոֆեսիոնալ է, եւ այդ ամենը հույս է ներշնչում, որ մեր զինված ուժերի մարտունակության աստիճանն օր օրի ավելի է բարձրանալու»,- ասել է նա:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հաճախակի հնչող ռազմատենչ հայտարություններին` գործադիրի ղեկավարը նշել է, որ դրանց լավագույն պատասխանը մեր բանակի մարտունակության բարձրացումն է: «Այն ինչ այսօր կատարվում է հայկական զինված ուժերում, այն վառ ապացույցն է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Պետք է շարունակենք համառորեն աշխատել, մեր հմտություններն ավելացնել, ինչը եւ այսօր տեղի է ունենում»,- ասել է վարչապետը: