Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին կոչ է անում ընդլայնել դաշնային եւ տեղական իշխանությունների լիազորությունները՝ ԱՄՆ-ում անօդաչու թռչող սարքերի օգտագործմանը հակազդելու քայլեր ձեռնարկելու համար, որոնք անվտանգության հետզհետե ավելի լուրջ խնդիր եւ անհանգստություն են դառնում, հայտնում է AP-ն։

Սպիտակ տունը հրապարակել է գործողությունների ծրագիր, որը կոչ է անում մեծացնել գործակալությունների թիվը, որոնք կարող են հետեւել եւ վերահսկել իրենց օդային տարածքում թռչող անօդաչուներին: Այն կոչ է անում ստեղծել ԱՄՆ կառավարության կողմից հաստատված հայտնաբերման սարքավորումների ցուցակ, որոնք դաշնային եւ տեղական կառավարությունները կարող են գնել, եւ ստեղծել ազգային ուսումնական կենտրոն՝ անօդաչու թռչող սարքերի չարանպատակ օգտագործմանը հակազդելու համար:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ չափազանց կարեւոր է, որ Կոնգրեսը «օրենք ընդունի՝ գոյություն ունեցող օրենսդրության եւ քաղաքականության կարեւոր բացերը փակելու համար, որոնք ներկայումս խանգարում են կառավարությանն ու իրավապահ մարմիններին պաշտպանել ամերիկացի ժողովրդին եւ անվտանգության կենսական շահերը»:

Դաշնային ավիացիոն վարչությունը կանխատեսում է, որ մինչեւ 2024 թվականը ԱՄՆ-ում շրջանառության մեջ կլինի ավելի քան 2 միլիոն անօդաչու թռչող սարք, իսկ հայտնաբերման եւ մեղմացման տեխնոլոգիաների, այդ թվում՝ խցանման համակարգերի առկայությունը սահմանափակված է գործող օրենսդրությամբ:

Սպիտակ տան ծրագիրը նախատեսում է սահմանափակ իրավիճակներում ընդլայնել ներքին անվտանգության, արդարադատության, պաշտպանության, էներգետիկայի նախարարությունների եւ Կենտրոնական հետախուզական գործակալության ու ՆԱՍԱ-ի հակաօդային սարքերի լիազորությունները: Առաջարկը նաեւ նպատակ ունի ընդլայնել անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման լիազորությունները պետական, տեղական, տարածքային իրավապահ մարմինների եւ կարեւոր ենթակառուցվածքների սեփականատերերի ու օպերատորների համար: