ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն ակնհայտ ծրագրում են դաշինքի «պաշտպանական գիծը» Հարավչինական ծով տեղափոխել, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Բացահայտ հայտարարում են, որ մենք (արեւմտյան երկրները-խմբ.) կլինենք գլխավորը, որ ՆԱՏՕ-ն բոլոր իրավունքներն ունի անել այն, ինչ ուզում է։ Նրանք մի հայտարարությամբ կարող են ասել, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, ուստի մի վախեցեք, ոչ մեկի անվտանգությանը ՆԱՏՕ-ն չի սպառնում։ Եվ հենց այստեղ (դաշինքի ղեկավար Յենս) Սթոլթենբերգը կարող է հայտարարել, որ ՆԱՏՕ-ն գլոբալ պատասխանատվություն է կրում անվտանգության համար ողջ աշխարհում, այդ թվում՝ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»,- ասել է Լավրովը։

«Այսինքն, ինչպես Վարշավայի պայմանագրի եւ Խորհրդային Միության անհետացումից հետո նրանք հինգ անգամ Բեռլինի պատից տեղափոխեցին պաշտպանության գիծը, քանի որ նրանք պաշտպանական դաշինք են, դեպի մեր սահմանները եւ մեզ ասացին. «մի վախեցեք, սա ձեր անվտանգության համար է, սա ոչինչ չի նշանակում», ինչը բավականին անքաղաքավարի է: Հասկացնելով, որ մենք չենք որոշելու, թե ինչ է անհրաժեշտ մեր անվտանգության համար։ Նրանք նաեւ այժմ իրենց պաշտպանական դաշինքի պաշտպանության գիծը կտեղափոխեն դեպի Հարավչինական ծով»,- հավելել է նախարարը։

Նա ասել է, որ այդ փորձերի հիմքում AUKUS դաշինքի ստեղծումն է՝ դրանում Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ ՀԱԱՊԱ-ի այլ երկրների ներքաշումը։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի կապ չունի կանոնադրական նպատակների իրականացման հետ, դա ԱՄՆ-ի հրամանատարության տակ գտնվող տարածքների իրացում է՝ միաբեւեռ աշխարհի ամրապնդման միտումով։

«Իհարկե, երբ ընդունում էին Չեռնոգորիային, Հյուսիսային Մակեդոնիային, Ալբանիային, ինչպե՞ս կարող են ուժեղացնել Հյուսիսատլանտյան դաշինքի անվտանգությունը, եթե դա պաշտպանական դաշինք է: Սա պարզապես ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մի կապ չունի իր կանոնադրական նպատակների իրականացման հետ, որ դա ամերիկյան հրամանատարության տակ տարածքների իրացում է՝ միտված այդ նույն միաբեւեռ աշխարհի ամրապնդմանն ու հավերժացմանը»,- ասել է նախարարը։

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանը զգուշացրել է Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու անթույլատրելիության մասին։

Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամերիկյան կողմը կարծում է, թե իրավունք ունի ապահովել իր անվտանգությունը այնտեղ, որտեղ ցանկանում է, մերժելով սեփական սահմանները պաշտպանելու Ռուսաստանի իրավունքը։

«Միեւնույն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հանկարծ որոշեց, որ ավելի քան 10 000 կիլոմետր երկարությամբ վտանգ է սպառնում իրենց շահերին, լինի դա Հարավսլավիայում, Իրաքում, թե Մերձավոր Արեւելքում մեկ այլ տեղ, առանց վարանելու, առանց որեւէ իրավական երկմտանքի, առանց նույնիսկ միջազգային իրավունքը եւ ՄԱԿ-ի կանոնադրությունը ուսումնասիրելու փորձերի, ուղարկվում են զորքեր, ռմբակոծում են քաղաքացիական օբյեկտները, ինչպես դա եղավ Բելգրադում, կամուրջներ, մարդատար գնացքներ, հեռուստակենտրոնը ռմբակոծեցին»,- հիշեցրել է նա:

Լավրովը հավելել է, որ (Բրիտանիայի նախկին վարչապետ) «Թոնի Բլեերն ասել էր, թե դա հեռուստակենտրոն չէ, դա սերբական ագրեսիվ քարոզչական օրգան է»: «Մոտավորապես այդպես, փակագծերում նշեմ, նախագահ Մակրոնը Ելիսեյան պալատում հավատարմագրում չի տալիս RT-ին եւ Sputnik-ին՝ դրանք անվանելով ոչ թե ԶԼՄ-ներ, այլ քարոզչության գործիքներ։ Ընդհանրապես, այս բարքերը, սովորույթները, վարքագիծը խորն են նստած»,- պարզաբանել է նախարարը։

Նախարարը նաեւ հիշեցրել է Իրաքում ԱՄՆ-ի գործողությունները։ «Եվ այս ամենը, կրկնում եմ, օվկիանոսից այն կողմ սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը: Կոսովոյում ստեղծեցին Բալկաններում ամենամեծ ռազմաբազան, որը ոչ ոք չի պատրաստվում դուրս բերել այնտեղից, եւ դրա պատճառը հենց նույն անկայունությունն էր, որը Միլոշեւիչն (Սլոբոդան- Սերբիայի նախկին նախագահ) իբր բորբոքում էր տարածաշրջանում՝ ճնշելով Կոսովոյի ալբանական ներկայացուցիչներին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ նրանք իրենց իրավունք են վերապահում իրենց անվտանգությունն ապահովեն այնտեղ, որտեղ մտքներով կանցնի, մեզ մերժում են պաշտպանելու մեր սեփական սահմաններն ու տարածքները, որտեղ ապրում են ռուսները, եւ որոնց ․․․ երկար տարիներ ճնշում են՝ ռմբակոծությունների ենթարկելով, ծաղրի ենթարկելով, ոտնահարելով լեզվի, մշակույթի, ավանդույթների նրանց իրավունքները»,- եզրափակել է նախարարը։