Ռուսաստանը հուսով է, որ բոլոր մեղավորները կբացահայտվեն եւ կպատժվեն, Մոսկվայում չէին ցանկանա, որպեսզի պարզվեր, որ դրանց աջակցում են այն նույն ուժերը, որոնք բռնություն են հրահրում հարեւան երկրներում, ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռուդենկոյի խոսքով՝ իրավիճակը «շատ ծանր է», ուստի արտակարգ դրության հայտարարումը «միանգամայն արդարացված է»։

Նա նշել է, որ դեռ վաղ է խոսել այն մասին, թե ով կարող է կանգնած լինել Մերձդնեստրում ահաբեկչությունների հետեւում։

«Եկեք սպասենք հետաքննության արդյունքներին. կա՛մ սա ահաբեկչություն է, կա՛մ սադրանք, կա՛մ խուլիգանություն։ Վերջինին ամենաքիչն է նման»,- ասել է Ռուդենկոն:

Մերձդնեստրի իշխանությունները երեքշաբթի ահաբեկչական վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել՝ հանրապետության տարածքում իրականացված ահաբեկչություններից հետո։ Երեքշաբթի Մերձդնեստրի Գրիգորիոպոլի շրջանի Մայակ գյուղում անհայտ անձինք մարզային ռադիոկենտրոնի երկու ալեհավաք էին պայթեցրել։ Նախօրեին ձեռքի նռնականետերից գնդակոծվել էր պետական ​​անվտանգության նախարարության շենքը: Հաղորդվում է, որ երկու դեպքում էլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Մարտին Մերձդնեստրի պետական ​​կառույցները մի քանի անանուն հաղորդումներ էին ստացել դպրոցների, բժշկական հաստատությունների, առեւտրի կենտրոնների եւ այլ օբյեկտների զանգվածային ականապատման մասին: