Կիեւի իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն եւ հրամայեն «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող ուկրաինացի զինվորականներին վայր դնել զենքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում։

Մարիուպոլում տիրող իրավիճակի վերաբերյալ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձրացրած հարցի կապակցությամբ ՌԴ նախագահը նշել է, որ այդ քաղաքն ազատագրվել է, եւ այնտեղ ռազմական գործողություններ չկան: Ինչ վերաբերում է «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված ուկրաինացի զինծառայողներին եւ ազգայնական գումարտակների զինյալներին, ապա Կիեւի իշխանությունները պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնեն եւ, առաջնորդվելով մարդկային նկատառումներով, հրամայեն վայր դնել զենքը։ Ռազմագերիներին կյանք, բժշկական օգնություն եւ բուժում է երաշխավորվում՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան։

Պուտինը Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչներին հայտնել է նաեւ բանակցությունների ընթացքի մասին։

Ղեկավարները պայմանավորվել են շարունակել համակարգումը երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ՝ ռուսական կողմից կազմակերպված ծովային հումանիտար միջանցքով թուրքական նավերը Սեւ ծովի նավահանգիստներից անվտանգ դուրս բերելու համար։

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, այդ թվում՝ օդային տրանսպորտի եւ զբոսաշրջության ոլորտում։ Առանձնահատուկ գոհունակություն է արտահայտվել առեւտրատնտեսական համագործակցության աճի կապակցությամբ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կանոնավոր երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: