Քիշնեւը Մերձդնեստրը շրջափակելու պլաններ չունի: Այս մասին հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն՝ դատապարտելով Մոլդովայում խաղաղությունը վտանգելու ցանկացած փորձ, հայտնում է NewsMaker.md-ը։
«Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ Մերձդնեստրում տարբեր ուժերի միջեւ լարվածություն կա, որոնք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ։ Այս հանգամանքը խոցելի է դարձնում տարածաշրջանը եւ ռիսկեր է ստեղծում Մոլդովայի համար։ Դատապարտում ենք ցանկացած սադրանք եւ Մոլդովային ներգրավելու փորձ այն գործողություններում, որոնք կարող են վտանգել խաղաղությունը երկրում: Քիշնեւը շարունակում է պնդել Մերձդնեստրյան հակամարտության խաղաղ կարգավորումը»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով՝ Մերձդնեստրում տեղի ունեցած պայթյուններում ներքին ուժեր են ներգրավված, այդ ուժերը պատրաստվում են Մերձդնեստրը պատերազմի մեջ ներքաշել։ «Այս պահին առկա տեղեկատվության համաձայն՝ Մերձդնեստրի տարածաշրջանում իրավիճակի սրման փորձերում ներգրավված են Մերձդնեստրի տարածաշրջանի ուժերը։ Դրանք պատերազմ քարոզող ուժեր են, նրանք շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ»,- ասել է Սանդուն՝ նշելով, որ Մոլդովայի իշխանությունները շարունակում են տեղեկություններ հավաքել եւ ուսումնասիրել դրանք։
Սանդուն հաստատել է, որ պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Տիրասպոլի օդանավակայանում, սակայն պայթյունի պատճառները Մոլդովայի իշխանություններին դեռ հայտնի չեն։





























