Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների առաջին եզրակացությունները, այդ հարձակումների հետքերն Ուկրաինա են տանում։ Այս մասին մի շարք ահաբեկչություններից հետո հանրապետության քաղաքացիներին ուղղված ուղերձում հայտարարել է Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին, գրում է NovostiPmr.com-ը։

«1992 թվականի պատերազմի ավարտից հետո երեք տասնամյակ խաղաղ կյանքի ընթացքում Մերձդնեստրն ահաբեկչական հարձակումների թիրախ դարձավ։ Երեկ եւ այսօր՝ ապրիլի 25-ին եւ 26-ին, ահաբեկչությունների են ենթարկվել մեր պետական ​​կառավարման օբյեկտները՝ ՊՆ-ն եւ զորամասը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը պատկանող տնտեսական օբյեկտը Մայակում:

Ինչպես ցույց տվեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների առաջին եզրակացությունները, այդ հարձակումների հետքերն Ուկրաինա են տանում։ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից հետո Մերձդնեստրը չեզոքություն է պահպանել եւ բացահայտ հայտարարել է, որ մենք ագրեսոր չենք, որ Մերձդնեստրը չի նախատեսել եւ չի նախատեսում հարձակվել մեր հարեւանների վրա: Մենք փախստականներ ենք ընդունել: Ներկայումս Ուկրաինայի շուրջ 25 հազար բնակիչ գտնվում է Մերձդնեստրում, որտեղ նրանք պատշաճ աջակցություն են ստանում պետության կողմից։ Սա քաջ գիտակցում են բոլորը։ Ենթադրում եմ, որ նրանք, ովքեր կազմակերպել են այս հարձակումը, նպատակ ունեն Մերձդնեստրը ներքաշել հակամարտության մեջ։ Եւ վստահաբար կարող եմ ասել, որ չի ստացվի։ Մերձդնեստրը կկարողանա պաշտպանվել: Մենք միանշանակն կգտնենք բոլորին, ովքեր մեղսակից են այս հանցավոր արարքներին։ Բայց մեզ կոնֆլիկտի մեջ ներքաշել չի ստացվի:

Նախագահի հրամանագրով՝ մեր պետության ամբողջ տարածքում ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» ուժեղացված ռեժիմ է սահմանվել։ Բնականաբար, այս հրամանագրի համաձայն, միջոցներ կձեռնարկվեն հասարակական կարգի եւ հասարակական անվտանգության պաշտպանության ուժեղացման ուղղությամբ։ Կստուգվեն քաղաքացիները, կստուգվեն նաեւ ավտոմեքենաները:

Մեր հանրապետության բոլոր բնակիչներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս միջոցառումներին։ Դրանք անհրաժեշտություն են…

Ուզում եմ դիմել նաև Ուկրաինայի ղեկավարությանը: Խնդրում եմ ձեզ հետաքննել  այստեղ՝ Մերձդնեստրի տարածքում, այս կամ այն զինյալ խմբավորումների անօրինական տեղաշարժի եւ նրանց կողմից ահաբեկչական գործողությունների իրականացման փաստերը:

Բացի այդ, ուզում եմ դիմել հարեւան Մոլդովայի ղեկավարությանը: Սադրանքների մի ենթարկվեք, թույլ մի տվեք, որպեսզի Մոլդովան ներքաշվի Մերձդնեստրի դեմ ագրեսիայի մեջ։ Պետք է, այնուամենայնիվ, հիշել մեր խաղաղ ձեւաչափերի մասին՝ ե՛ւ «1+1», ե՛ւ «5+2», եւ «5+2» ձեւաչափի մշակման հարցում համապատասխան խմբերի աշխատանքի մասին, մենք պետք է լուծենք մեր երկու պետությունների կենսագործունեության հարցերը՝ որեւէ ագրեսիա թույլ չտալով, որը կարող է մեծ պատերազմի նախաբան դառնալ՝ ոչ մի դեպքում: Պետք է պայմանավորվել՝ պայմանավորվել առաջին հերթին խաղաղության մասին եւ պահպանել այդ խաղաղությունը։

Դիմում եմ Մերձդնեստրի քաղաքացիներին: Խուճապի մի՛ մատնվեք, մի՛ լսեք որեւէ կեղծ լուրեր, ասեկոսեներ, բամբասանքներ, ինսինուացիաներ։ Մենք կպահպանենք խաղաղությունը Մերձդնեստրում: Մենք կգտնենք եւ կպատժենք այս ահաբեկչական հարձակումների բոլոր մեղավորներին»։