Եվրամիության եւ Հարավային Կորեայի միջեւ ավելի սերտ կապեր են անհրաժեշտ նորընտիր նախագահ Յուն Սուկ Յոլի օրոք՝ Չինաստանի հզորացումը կառավարելու եւ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ մրցակցությունը ուժեղացնելու համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԵՄ-ի եւ Հարավային Կորեայի նախկին պաշտոնյաների զեկույցը:

Ուկրաինական ճգնաժամը եւ Մոսկվայի «միջազգային կարգին ուղղված ուղղակի սպառնալիքին» հակազդելու անհրաժեշտությունը կարեւոր են դարձնում ԵՄ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ համագործակցությունը, ասվում է զեկույցում։

«Սեուլի եւ Բրյուսելի միջեւ համագործակցությունը կարող է օգնել մեղմել չին-ամերիկյան մրցակցության ամենաբացասական հետեւանքները եւ երաշխավորել, որ Միացյալ Նահանգները երես չեն թեքի իրենց դաշնակիցներից, այլ կհամագործակցենք նրանց հետ»,- հայտարարել են զեկույցի հեղինակները:

Հարավային Կորեայի եւ Եվրոպայի միջեւ համագործակցությունն ավանդաբար երկրորդ պլան է մղվել՝ ԱՄՆ-ի հետ երկու կողմերի դաշինքների համեմատ:

Սակայն ավելի խորը համագործակցությունը կարող է օգնել բարձրացնել դրա ռազմավարական արժեքը Վաշինգտոնի եւ Պեկինի համար, ասել է ԵՄ-ում Հարավային Կորեայի նախկին դեսպան Կիմ Չան Բոմը: «Սա Հարավային Կորեային մանեւրելու լրացուցիչ հնարավորություն կտար՝ քաղաքական երկընտրանքը լուծելու համար, որն առաջանում է աճող մրցակցության արդյունքում»,- ասել է նա:

Զեկույցում ասվում է, որ երկու կողմերը պետք է ստեղծեն երկկողմ խորհուրդներ եւ դիվանագիտական թեժ գծեր, ինչպես նաեւ համագործակցեն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումն է:

Երկու կողմերը նաեւ պետք է արդիականացնեն ազատ առեւտրի իրենց համաձայնագիրը, որը մասշտաբի եւ հավակնությունների առումով փոխարինվել է այն համաձայնագրերով, որոնք ԵՄ-ն ստորագրել է ուղղակի մրցակիցների հետ, ինչպիսին Ճապոնիան է:

Թվային տնտեսության գործընկերության համաձայնագրին եւ Համապարփակ եւ առաջադեմ Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրին միանալու Հարավային Կորեայի հայտարարությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հարավկորեական եւ եվրոպական ընկերությունների միջեւ առեւտրային կապերի համար, եթե դրանք չլուծվեն, ասվում է զեկույցում:

«Կարծում եմ, որ համագործակցության անհրաժեշտությունը դուրս է գալիս կոնկրետ հարցերի շրջանակից»,- ասել է Բրյուսելի Կառավարման կորեական դպրոցի նախագահ Ռամոն Պաչեկո Պարդոն՝ նշելով նրանց ընդհանուր շահերը, արժեքները եւ հնարավորությունները։ «Սակայն Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա կամ Չինաստանի ինքնավստահությունը ցույց են տալիս, որ կան կոնկրետ պատճառներ, թե ինչու պետք է Կորեան եւ ԵՄ-ն համագործակցեն»: