ՄԱԿ Գլխավոր ասամբլեան (ԳԱ) առանց քվեարկության հավանության է արժանացրել Անվտանգության խորհրդում (ԱԽ) վետոյի իրավունքի յուրաքանչյուր կիրառումից հետո իր նիստերն անցկացնելու մասին բանաձեւը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ենթադրում է, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում մշտական անդամներից որեւէ մեկի կողմից վետոյի կիրառման դեպքում 10 օրվա ընթացքում գումարվում է Գլխավոր ասամբլեայի նիստ այն հարցի շուրջ, որի առնչությամբ օգտագործվել է նման իրավունքը, եթե ԳԱ-ն նույն իրավիճակի հարցով հատուկ նիստ չի անցկացնում։ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան կարող է ընդունել իր փաստաթուղթը, բայց վետոն վիճարկել չի կարող: Այս մարմնի որոշումները, ի տարբերություն Անվտանգության խորհրդի որոշումների, պարտադիր չեն։
Փաստաթղթերի համաձայն՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը իր ենթադրյալ նիստից 72 ժամ առաջ պետք է վետոյի կիրառման վերաբերյալ զեկույց ուղարկի Գլխավոր ասամբլեային։ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի օրակարգում պետք է ընդգրկվի «վետոյի կիրառում» կետը։
Ինչպես երեքշաբթի օրը ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքը չի վերանա, այն համաշխարհային կազմակերպության հենասյուներից մեկն է, առանց որի ԱԽ-ն կթուլանա։ Լավրովի խոսքով, եթե մի երկիր կիրառում է վետոն, ուրեմն իր քվեարկությունը բացատրելու միջոց ունի։ Ռուսաստանը, ասել է նախարարը, կկարողանա համոզիչ կերպով բացատրել այն դիրքորոշումները, որը նա ունի ՄԱԿ Անվտանգության խորհրդում։



























