Եվրահանձնաժողովը պատրաստվում է հայտարարել, որ ԵՄ-ն թեւակոխել է համավարակի նոր հետարտակարգ փուլ, որտեղ թեստավորումը պետք է նպատակաուղղված լինի, իսկ COVID-19-ի դեպքերի մոնիթորինգը պետք է նման լինի գրիպի հսկողությանը նմուշների հիման վրա, ասվում է փաստաթղթի նախագծում, որին ծանոթացել է Reuters-ը։
Տեղաշարժը տեղի է ունենում COVID-19-ի հետ կապված հիվանդացության ու մահերի թվի աստիճանաբար նվազման պայմաններում՝ շնորհիվ ավելի քիչ վարակիչ օմիկրոն տարբերակի տարածման եւ ԵՄ բնակչության ավելի քան 70 տոկոսի իմունիզացիայի, ընդ որում բնակչության կեսը նաեւ խթանող պատվաստում է ստացել:
«Այս կոմյունիկեում առաջարկվում է մոտակա ամիսներին համավարակի դեմ պայքարի մոտեցում՝ արտակարգ իրավիճակից անցնելով ավելի կայուն ռեժիմի»,- ասվում է ԵՄ փաստաթղթի նախագծում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) պատասխանատու է համավարակի հայտարարման եւ դրա վերջի համար, մի քայլ, որն ունի լայն իրավական հետեւանքներ տարբեր ոլորտների, այդ թվում՝ ապահովագրողների եւ պատվաստանյութ արտադրողների համար: ԱՀԿ-ն հայտնել է, որ համավարակը դեռ չի ավարտվել։
ԵՄ փաստաթուղթը պարտադիր ուժ չունի եւ պարունակում է հստակ նախազգուշացումներ այն մասին, որ «COVID-19-ը ոչ մի տեղ չի գնա», կմնա հավանաբար նոր տարբերակներով, եւ, հետեւաբար, «զգոնությունն ու պատրաստվածությունը կարեւոր են»:
Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Ստելլա Կիրիակիդեսի կողմից պատրաստված փաստաթղթի նախագիծը, որը ծրագրված է ընդունել չորեքշաբթի, զգուշացնում է, որ հնարավոր են նոր բռնկումներ, եւ խորհուրդ է տալիս, որ ԵՄ կառավարությունները պահպանեն զգոնությունը եւ պատրաստ լինեն անհրաժեշտության դեպքում վերադառնալ արտակարգ միջոցառումներին:
Սակայն, այն նաեւ ընդունում է, որ սկսվել է նոր փուլ, եւ անհրաժեշտ է համավարակի մոնիթորինգի նոր մոտեցում:
«Անհրաժեշտ է ներդնել նպատակային ախտորոշիչ թեստավորում»,- ասվում է փաստաթղթի նախագծում։
Վիրուսի հսկողությունը նույնպես պետք է հարմարեցվի՝ ավելի շատ կենտրոնանալով գենոմի հաջորդականության վրա՝ հնարավոր նոր տարբերակները բացահայտելու համար եւ ավելի քիչ կենտրոնանալով դեպքերի զանգվածային հաղորդման վրա: «Հսկողության նպատակն այլեւս չպետք է հիմնված լինի բոլոր դեպքերի հայտնաբերման եւ զեկուցման վրա, այլ ավելի շուտ համայնքում փոխանցման տեմպերի, ծանր հիվանդության ազդեցության եւ պատվաստանյութի արդյունավետության հուսալի գնահատականների ձեռքբերման վրա»,- ասվում է փաստաթղթում:
Փաստաթղթում ասվում է, որ պատվաստանյութերը դեռեւս անհրաժեշտ են COVID-19-ի դեմ պայքարում՝ խորհուրդ տալով պետություններին դիտարկել հինգ տարեկան եւ ավելի բարձր տարիքի երեխաների պատվաստումները խթանելու ռազմավարությունները մինչեւ հաջորդ ուսումնական տարվա սկիզբը:





























