Իր հերթին ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթում ասել է.
«Մենք արեցինք անհնարը, նստեցրինք իշխանություններին բանակցությունների սեղանի շուրջ` Հայաստանի ժողովրդավարության օրակարգով»,- այս մասին այսօր` օգոստոսի 2-ին ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Որտեղ ընդդիմությանը հաջողվել է դադարեցնել բռնաճնշումները, նստեցնել իշխանություններին բանակցությունների սեղանին, իշխանափոխությունը դարձել է ամիսների հարց»,- նշեց նա:

Զուրաբյանի ներկայացմամբ, ՀԱԿ-ը երկխոսության երկու ռաունդներում արձանագրել է երկու նվաճում: «Առաջինում բավարարվեց մեր կարեւոր պահանջը, որ իշխանության բանակցող խումբը ներկայացնի գործադիր իշխանությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին:

Երկրորդում` իշխանությունները պաշտոնապես օրակարգ ընդունեցին արտահերթ ընտրությունների միջոցով օրինական իշխանությունների ձեւավորման անհրաժեշտության հարցը, ինչը մինչ վերջերս կտրականապես բացառում էին:

Այնուհետեւ Լեւոն Զուրաբյանը մատնանշել է երկու հնարավոր զարգացում: «Առաջինն այն է, որ նրանք սթափ գնահատեն ստեղծված իրողությունը եւ որոշում կայացնեն, որ ավելի լավ է զիջել հիմա, քան գնալ ընդարձակ ճնշումների:

Երկրորդ, կարող են որոշել, որ զիջումների կարող են գնալ, երբ տեսնեն, որ փաստացի, որքան մարդ կա Կոնգրեսի հետեւում: Այս երկրորդ տարբերակում իշխանությունները կփորձեն վարկաբեկել Կոնգրեսին: Դուք բոլորդ ականատես եք, թե ինչպես են այդ տարբերակին լծվել նրանց սպասարկու լրատվամիջոցներն ու կուսակցությունները:

Հաշվի առնելով նրանց կարճատեսությունը, ես ավելի հավանական եմ համարում երկրորդ տարբերակը»:

ՀԱԿ համակարգողը խորհուրդ է տվել իշխանություններին չխաղալ ժողովրդի համբերության հետ, եթե չի ուզում աշնանը տեսնել ընդվզման այնպիսի ալիք, որը երբեւեէ չի տեսել: «Այնպես մի արեք, որ երբ պատրաստ լինեք գնալու զիջումների, դրանց կարիքը ոչ ոք չունենա»,- ամփոփել է նա: