Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինչուն կարծում է, որ Մերձդնեստրում տեղի ունեցած միջադեպերը սադրանք են։

«Իհարկե, մենք մտահոգված ենք այն ամենով, ինչ կատարվում է մեր երկրի շուրջ, երբ խոսքը հակամարտություններին մասին է,- ասել է նա Antena 3 հեռուստաալիքի եթերում։- Մենք այդ իրադարձությունները որպես սադրանք, այս գոտում հակամարտություն ստեղծելու փորձ են դիտարկում, որն այդ պահին, մեր վերլուծության համաձայն, զարգացման շանսեր չունի։ Իհարկե, Մոլդովայի Հանրապետության կառավարությունը, նախագահի աշխատակազմը իրավիճակը վերահսկողության տակ է պահում, ստուգում են, մտահոգված են, հետեւում են, բայց մենք դրանում խնդիր չենք տեսնում»։

Պաշտպանության նախարարը հայտնել է նաեւ, որ Ռումինիայի կողմից Ուկրաինա զենք ուղարկելու հարց այս պահին չի քննարկվում։ «Մենք այս պահին դա չենք քննարկում,- ասել է նա։- Ռումինիան մարդասիրական ամենակարեւոր հանգույցն է [Ուկրաինա օգնության մատակարարման համար], եւ մեզ մոտ հիմա զենքի, մահացու նյութերի ուղարկման հետ կապված քննարկումներ չեն ընթանում»:

Երկուշաբթի և երեքշաբթի օրը, ըստ չճանաչված հանրապետության իշխանությունների, երեք ահաբեկչություն է իրականացվել նրա տարածքում։ Մայակ գյուղում պայթեցրել են Պրիդնեստրովյան ռադիո-հեռուստատեսության կենտրոնի երկու ալեհավաք, ձեռքի նռնականետից կրակել են Պետանվտանգության նախարարության շենքը, պայթյուններ են տեղի ունեցել նաեւ Տիրասպոլի ռազմական օդանավակայանի տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ահաբեկչությունների համար մեղադրել է «ապակայունացման մեջ շահագրգռված ուժերին» Մերձդնեստրի ներսում: Իր հերթին չճանաչված հանրապետության ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին, անդրադառնալով հետաքննության նախնական արդյունքներին, ասել է, որ դիվերսիաներն իրականացվել են Ուկրաինայի տարածքից, եւ խնդրել է Կիեւին օգնություն ցուցաբերել հետաքննության հարցում: