Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել բրիտանացի 287 օրենսդիրների նկատմամբ եւ վտարել է ճապոնացի 8 դիվանագետների

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ «ի պատասխան Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի 386 պատգամավորներին պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու Մեծ Բրիտանիայի կառավարության այս տարվա մարտի 11-ին ընդունած որոշման՝ փոխադարձության հիման վրա անհատական սահմանափակումներ է սահմանում բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների նկատմամբ։

Նշված անձինք, որոնց մուտքը Ռուսաստանի Դաշնություն այժմ փակ է, առավել ակտիվ մասնակցություն են ունեցել Լոնդոնում հակառուսական պատժամիջոցների գործիքների հաստատմանը եւ նպաստում են Մեծ Բրիտանիայում ռուսաֆոբ հիստերիայի անհիմն սրմանը»։

ՌԴ ԱԳՆ-ն է կանչվել նաեւ Ճապոնիայի դեսպանը, որին տեղեկացրել են 8 դիվանագետների արտաքսման մասին, որոնք մինչեւ մայիսի 10-ը պետք է հեռանան Ռուսաստանից։

«Անտեսելով ողջախոհությունը՝ Ճապոնիան բացահայտորեն անցել է Ուկրաինայի տարածքում գործող նեոնացիստական կազմավորումների կողմը՝ քաղաքական, տնտեսական եւ ռազմական օգնություն ցուցաբերելով Կիեւի ռեժիմին։ Սա ուղեկցվում է ճապոնական հասարակության մեջ ռուսաֆոբ հիստերիայի սրմամբ, 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտմամբ, ռուսական արտաքին առաքելությունների բնականոն գործունեության համար լուրջ խոչընդոտների ստեղծումով։ Այս գծի գագաթնակետը Ճապոնիայից ութ ռուս դիվանագետների վտարումն է։

Վերոնշյալի կապակցությամբ, առաջնորդվելով փոխադարձության սկզբունքով, ռուսական կողմը պահանջել է, որպեսզի ճապոնացի ութ դիվանագիտական աշխատողներ լքեն մեր երկիրը մինչեւ մայիսի 10-ը»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։