Գերմանիայի կառավարության կողմից այս տարի 2,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը չի ենթադրում ռուսական էներգակիրների մատակարարումների վրա էմբարգոյի սահմանում կամ մատակարարումների դադարեցում, եւ եթե դա տեղի ունենա, տնտեսությունը ռեցեսիայի մեջ կընկնի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը, փոխանցում է Reuters-ը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը կրճատել է 2022 թվականի աճի կանխատեսումը մինչեւ 2,2 տոկոս՝ հունվարին կանխատեսված 3,6 տոկոսից, քանի որ ուկրաինական ճգնաժամը, պատժամիջոցները եւ էներգակիրների բարձր գները ազդել են արտադրության վրա։ Նա նաեւ բարձրացրել է 2022 թվականի ինֆլյացիայի կանխատեսումը մինչեւ 6,1 տոկոս:

Գերմանիայի աջակցությունն Ուկրաինային եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են աճի ավելի ցածր կանխատեսումների եւ բարձր ինֆլյացիայի, ասել է Հաբեկը։ «Մենք պետք է պատրաստ լինենք վճարել այս գինը։ Ուկրաինան պայքարում է իր ազատության, իր ժողովրդավարության, կառավարման ձեւի եւ իր տարածքային անկախության համար։ Բայց նրանք նաեւ պայքարում են մեզ համար՝ Գերմանիայի, Եվրոպայի համար, այն սկզբունքների համար, որոնց վրա կանգնած է կամ կառուցվել է այս խաղաղ կարգը»,- ասել է նա։

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ռուսական գազի մատակարարումների հետ կապված իրավիճակի սրումը կնվազեցնի Եվրոպայի խոշորագույն տնտեսության աճը 0,5-5,6 տոկոսային կետով՝ կախված սցենարից։

Չորեքշաբթի օրը ռուսական «Գազպրոմը» դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան եւ Բուլղարիա՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով։

Հաբեկի խոսքով՝ Գերմանիան այս իրավիճակին շատ լուրջ է վերաբերվում, սակայն գերմանական ընկերությունները կշարունակեն ռուսական գազի համար վճարել եվրոյով՝ պահպանելով պայմանագրերը։ Նա հավելել է, որ մինչեւ ուկրաինական ճգնաժամի սրվելը ռուսական գազից Գերմանիայի կախվածությունը ներմուծման 55 տոկոսից նվազել էր մինչեւ 35 տոկոս։

Հարցին, թե Գերմանիան կարող է արդյոք դիտարկել ռուսական պետական «Ռոսնեֆտ» ընկերությանը պատկանող՝ Շվեդտեում նավթավերամշակման գործարանի օտարման հարցը, որին բաժին է ընկնում Գերմանիա ռուսական նավթի մնացած ներկրումը, Հաբեկը պատասխանել է. «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ Գերմանիայի կառավարությունը պետք է հարմարվի եւ պատրաստվի բոլոր սցենարներին։ Մենք ամեն ինչ դիտարկում ենք»: