Իրանը եւ Չինաստանը լուրջ են տրամադրված իրենց երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման հարցում՝ անկախ միջազգային զարգացումներից։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի գլխավորությամբ չինական բարձրաստիճան պատվիրակության հետ հանդիպմանը, գրում է Mehr-ը։

«Միակողմանիությունը եւ հեգեմոնիան ձեւավորվում են երկրներին վերահսկելու եւ աշխարհի կայուն տնտեսական աճը կանխելու նպատակով, իսկ միակողմանիությանը հակազդելը եւ կայունություն ու կարգուկանոն ստեղծելը հնարավոր է միայն անկախ տերությունների համագործակցությամբ»,- ասել է Ռաիսին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումները, ավելի քան երբեւէ, ցույց են տալիս Իրան-Չինաստան ռազմավարական համագործակցության կարեւորությունը։ «Իրանի բացառիկ հնարավորությունները միջտարածաշրջանային փոխադրումների, էներգետիկ անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքային համագործակցության ոլորտում լուրջ հարթակներ են համագործակցության եւ ներդրումների համար»,- ասել է նա։

Ռաիսին հայտարարել է, որ «ամերիկացիները ցանկանում էին ուժեղ ճնշում գործադրել Իրանի վրա՝ խախտելով ԳՀՀԾ-ն, սակայն այսօր նրանք պաշտոնապես ընդունում են, որ ձախողվել են Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու հարցում»։
Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը կայանում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների ընդլայնման մեջ։ «Մենք ռազմավարական հարաբերություններ ենք զարգացնում անկախ միջազգային զարգացումներից եւ հիմնված փոխադարձ քաղաքական վստահության վրա, եւ 25-ամյա համապարփակ համագործակցության ծրագրի հաջող իրականացումն առաջնահերթություն է  այս առումով»:

Իր հերթին Վեյ Ֆենհեն նշել է, որ Իրանի եւ Չինաստանի միջեւ հարաբերությունների ամրապնդումը միշտ անվտանգության աղբյուր է եղել տարածաշրջանի եւ աշխարհի համար, հատկապես՝ ներկայիս կրիտիկական եւ անհանգիստ աշխարհում: «Իրանն ու Չինաստանը կարող են համագործակցել բոլոր գլոբալ հարցերի շուրջ եւ օգնել աշխարհին խաղաղություն եւ հանգստություն հաստատել,- հավելել է նա։- Միակողմանիությունը խոչընդոտում է կայուն համաշխարհային տնտեսական աճին»։

Թեհրան կատարած այցի շրջանակներում Վեյ Ֆենհեն հանդիպել է իր իրանցի գործընկերոջ՝ բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հետ։

Նա բանակցություններ է վարել նաեւ Իրանի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամեդ Բաղերիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային վերջին զարգացումները, ռազմավարական հարաբերությունների ընդլայնումը, համագործակցությունը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի փոխգործակցության մակարդակի բարձրացման ուղիները։