Գերմանական Wintershall Dea նավթագազային կոնցեռնը, չնայած Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, կպահպանի ընթացիկ նախագծերը Ռուսաստանի Դաշնությունում, գրում է Deutsche Welle-ն։

«Ինտենսիվ քննարկումներից» հետո ղեկավարությունը որոշել է «շարունակել Ռուսաստանում մեր նախագծերին մասնակցությունը»,- ասել է կոնցեռնի խորհրդի նախագահ Մարիո Մերենը։ Միաժամանակ նա նշել է, որ Wintershall Dea-ն հրաժարվում է Ռուսաստանի Դաշնությունում նոր նախագծերից, Ռուսաստանի վճարումները դադարեցված են։

Մերենը որոշումը «սեփական անձնակազմի եւ եվրոպական էներգետիկ անվտանգության համար իր ընկերության պատասխանատվությամբ» է բացատրել։ Ռուսական շուկայից ամբողջովին դուրս գալու դեպքում ռուսական պետությանը միլիարդների գույք կանցներ, պարզաբանել է նա։

Մարիո Մերենը նաեւ զգուշացրել է Ռուսաստանից էներգակիրների մատակարարումների նկատմամբ լիակատար էմբարգո սահմանելու հետեւանքների մասին։ «Գերմանիան միանշանակ կախված է էներգակիրների ներմուծումից, եւ մենք կախված ենք մնալու նույնիսկ վերականգնվող էներգիայի դարաշրջանում»,- ընդգծել է նա։

Այս տարվա առաջին եռամսյակում Wintershall Dea-ն ստիպված է եղել Ռուսաստանում իր հաշվեկշռից 1,5 մլրդ եվրո դուրս գրել։ Զուտ վնասները կազմել են մեկ միլիարդ եվրո։ Կորուստներն առաջացել են հիմնականում վիճահարույց «Հյուսիսային հոսք 2» գազատարի ֆինանսավորման դուրսգրման եւ Ռուսաստանում կոնցեռնի ունեցվածքի արժեքի ճշգրտման պատճառով:

Միաժամանակ ընկերությանը հաջողվել է օրական արդյունահանումը հասցնել մինչեւ 669 000 բարել նավթային համարժեքի (գումարած տարեկան երկու տոկոս):