Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նրան, որ մինչեւ 2070 թվականը կենդանիների շրջանում հազարավոր նոր վիրուսներ կտարածվեն, եւ դա, ամենայն հավանականությամբ, կբարձրացնի կենդանիներից մարդկանց փոխանցվող նոր վարակիչ հիվանդությունների ռիսկը, ասվում է նոր հետազոտության մեջ, հայտնում է AP-ը:
Սա հատկապես արդիական է Աֆրիկայի եւ Ասիայի համար, մայրցամաքներ, որոնք վերջին մի քանի տասնամյակների ընթացքում եղել են թեժ կետեր՝ մարդկանցից կենդանիներին եւ հակառակը մահացու հիվանդությունների տարածման տեսանկյունից, ներառյալ գրիպը, ՄԻԱՎ-ը, Էբոլան եւ կորոնավիրուսը:
Հետազոտողները, որոնք հինգշաբթի օրը հրապարակել են իրենց արդյունքները Nature ամսագրում, մոդելն օգտագործել են, որպեսզի ուսումնասիրեն, թե ինչպես կարող են կաթնասունների ավելի քան 3000 տեսակներ գաղթել եւ փոխանակել վիրուսները հաջորդ 50 տարվա ընթացքում, եթե աշխարհը տաքանա 2 աստիճան Ցելսիուսով, ինչը, վերջին հետազոտությունների համաձայն, լիովին հնարավոր է։
Նրանք պարզել են, որ վիրուսների միջտեսակային տարածումը միայն կաթնասունների մոտ տեղի է ունենում ավելի քան 4000 անգամ: Թռչունները եւ ծովային կենդանիները չեն ներառվել հետազոտության մեջ:
Հետազոտողները նշել են, որ ոչ բոլոր վիրուսները կտարածվեն մարդկանց շրջանում կամ կդառնան այն մասշտաբի համավարակ, ինչպիսին կորոնավիրուսն է, սակայն միջտեսակային վիրուսների քանակը մեծացնում է մարդկանց վրա դրանց տարածման վտանգը։
Հետազոտությունն ընդգծում է երկու գլոբալ ճգնաժամ՝ կլիմայի փոփոխությունը եւ վարակիչ հիվանդությունների տարածումը, քանի որ աշխարհը փորձում է որոշել, թե ինչ անել երկուսի հետ:
Ջորջթաունի համալսարանի մասնագետ, հետազոտության համահեղինակ Գրեգորի Ալբերին նշել է, որ քանի որ կլիմայի ազդեցությամբ վարակիչ հիվանդությունների առաջացումը, հավանաբար, արդեն տեղի է ունենում, աշխարհը պետք է ավելին անի դրա համար, որպեսզի ավելին իմանա այդ մասին ու պատրաստվի դրան։
«Դա հնարավոր չէ կանխել, նույնիսկ կլիմայի փոփոխության ամենաբարենպաստ սցենարների դեպքում»,- ասել է Ալբերին:





























