Պանամայի Ազգային ժողովը (միապալատ խորհրդարանը) հինգշաբթի հաստատել է երկրում կրիպտոակտիվների օգտագործումն ու առեւտրայնացումը կարգավորող օրինագիծը, հայտնում է Reuters-ը։
Նշվում է, որ ընդունված նորմերը կրիպտոարժույթներով հարկեր վճարելու հնարավորություններ են բացում, ինչպես նաեւ կարգավորում են կրիպտոակտիվների առեւտուրն ու օգտագործումը, թվային արժեթղթերի թողարկումը եւ վճարային նոր համակարգերի գործարկումը։ «Մենք բազմաթիվ տարբեր տեսակի կրիպտոակտիվների առաջացում ենք տեսնում, որոնք, օրինակ, արվեստի գործեր են ներառում: Ուստի մենք չէինք ցանկանում միայն կրիպտոարժույթներով սահմանափակվել»,- ասել է օրինագծի հեղինակ Գաբրիել Սիլվան։
Օրինագծին կողմ է քվեարկել 38 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել, պատգամավորներից ոչ մեկը դեմ չի քվեարկել։ Փաստաթուղթը ստորագրման է ներկայացվել Պանամայի նախագահ Լաուրենտինո Կորտիսոյին։




























